Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության  վերականգնմանը,  օրենքի առջեւ բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը, ինչը մեզ թույլ տվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու ազատագրել Հայաստանը։

Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։

Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով,  ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի եւ օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանություն պահած անձի գործունեությանը պետք է տրվեն նաեւ քաղաքական գնահատականներ։

Անհրաժեշտ է քննել, թե ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարեւորագույն օբյեկտները հանձնվեցին օտար պետություններին, սփյուռքյան բազմամիլիոն օգնությունները որ ուղղությամբ մսխվեցին, եւ այլն։

Երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարեւոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած հանցանքների համար պատասխանտվություն կրելուց անխուսափելիությունը:

Քաղաքական գնահատականի եւ իրավական փաստերի համակցումը հնարավորություն կտա երաշխավորել բոլոր ապագա իշխանությունների զսպվածությունն ու անպատժելիության մթնոլորտի ձեւավորման բացառումը:

Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք  համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։

Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *