Քաղաքականություն

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, եթե ստորագրի…. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի երեկվա ուղիղ եթերի ժամանակ հնչած նախազգուշացումներին, որով սպառնացել է իշխանություններին՝ դուրս գալ ու խաղաղ անհնազանդություն իրականացնել, եթե մինչև իր կողմից նշված ժամանակը չլուծվի Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցը:

Պարզաբանումը՝ ստորև.

Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել.

1. Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է:

2. Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը:

3. Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել:

4. Վարչապետը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ եւ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, պարզաբանելով, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետև դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, եւ Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը և դուրս գալ բանտից, և ազատության պայմաններում պայքարել իր արդարացման համար:

5. Վարչապետը նաև ընդունել է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ պարզաբանել, որ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս համարվում է դատապարտված (հանցավոր արարք թույլ տված) 2008 թվականի մարտի 1-ի գործով, շարունակում է պայքարել իր արդարացման համար, բայց նաև համոզված է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրինականության խստիվ պահպանմամբ:

6. Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»,-իր ֆբ-յան էջում գրել է  Արման Եղոյանը:

Տեղեկացնենք, որ երեկ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը Հարությունյանը, նշել էր, որ յուրաքանչյուր կալանավոր պետք է զգա հեղափոխության շունչը: Նրա խոսքով, պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում կարևոր այդ հարցերով:

«Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ եւ խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,- նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տալով Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր հոր հարցով մինչև նոյեմբերի 7-ը հակառակ դեպքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ինքն անհնազանդություն կիրականացնի ու հոր քաղբանտարկյալ լինելու մասին կհայտարարի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու մյուս ղեկավարների մոտ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *