Քաղաքականություն

Սուրիկ Խաչատրյանը կկարողանա խելացի ձևով իր կատարած քայլերի համար պատասխան տալ. Վոլոդյա Հովհաննիսյան

«Հայ հասարակությունը ոգևորված է և ցնծությամբ է լցված կոռուպցիայի դեմ պայքարով։ Ես ինքս գտնում եմ, որ ՀՀ պետական բյուջեն ու ազգային հարստությունը սարսափելի, անբարոյական կերպով մսխվել են, սակայն այսօրվա կառավարության կատարած քայլերը կիսատ են ու անբավարար։ Պետք է պայքարել կոռուպցիայի արմատների դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ կոռուպցիայի արմատների դեմ պայքարը կարող է հասնել ու չշրջանցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որը մամուլի տեղեկություններով՝ արդեն լքել է Հայաստանը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը շատ լավ կառավարիչ է եղել և Սյունիքի մարզում շատ կարևոր կառավարչական գործ է կատարել ժամանակին, հատկապես Արցախյան և Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Թե ինչպիսի տնտեսական կյանք է ունեցել՝ ես չեմ կարող ասել, մենք չենք կիսվել այդ մասով։ Տնտեսական, քաղաքական հարթությունում ես իր հետ չեմ շփվել։ Ես գտնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը շատ խելացի մարդ է և կկարողանա խելացի ձևով օրենքի շրջանակներում իր կատարած քայլերի համար պատասխան տալ»։

Մեր հարցին՝ հիմա Սուրիկ Խաչատրյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցն ասաց, որ օգոստոսի 1-ին Խաչատրյանի ծննդյան օրն է եղել, ինքը զանգել է, որ շնորհավորի, բայց այդպես էլ չի կարողացել կապվել։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ ինչ եղել՝ եղել է իր ազգականների կողմից, և այդ ազգականների կատարած բոլոր հանցագործություններին իրավական պատասխան, գնահատական տրվել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *