ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է այն տեղեկությունները, որ նա որեւէ կապ ունի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի հետ, որին այսօրվա կառավարության նիստում արտոնություն տրվեց:
«Եթե այդ ընկերության փաստաթղթերի մեջ գտնեք իմ անունը, ես շնորհակալ կլինեմ: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպիսի նրանք գան Վանաձոր եւ ոչ միայն սրանով եմ բավարարվելու, այլ մի քանի լուրջ ծրագրեր կան, որ մոտ ժամանակներս դրա մասին կլսենք: Ինչքան հնարավոր է ներդրումները պետք է շարունակվեն»,- ԱԺ-ում մեր հարցին ի պատասխան ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ ինչու՞ է ՍՊԸ-ի անունը իր անվան եւ ազգանվան առաջին տառերով, Բաղդասարյանը նկատեց.
«Իսկ Վաղինակ Բաղդասարյան հնարավո՞ր է լիներ կամ Վաչագան Բաբայան, Վահագ եւ Բագրատ: Ընկերությունն իմ շատ մտերիմ մարդկանցն է եւ պետք է ամեն ինչ անեմ, որ աջակցեն»,- ասաց նա եւ շեշտեց, որ որեւէ ազգակցական կապ չունի սեփականատերերի հետ:
Հարց է առաջանում, թե ինչու՞ ՀՀԿ-ին ընդդիմություն համարվող իշխանության օրոք է այդ արտոնությունը տրվում, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դա օրենքի շրջանակներում է, եթե չտրվեր, մեծ աղմուկ կբարձրանար: Դուք չեք պատկերացնում, թե այսօր ինչ պահանջված են հակակարկտային ցանցերը: Սարքավորումներն արդեն մաքսատանն են եւ մոտ օրերս կհետեւեք եւ շնորհակալություն կհայտնենք, գործարանի բացման առիթով»,- ասաց նա:
ՀԺ-ն արդեն տեղեկացրել էր, որ կառավարություն այսօրվա նիստում հարկային արտոնություն տվեց «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին, որն ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ կապվում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հետ: armtimes.com
0 Մեկնաբանություն