«Տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են, ամենամեծ չարաշահումներն արձանագրվել են Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում», - հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
«Առաջինը վերահսկողություն ենք իրականացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում։ Բոլոր կառույցներում, ըստ նախնական գնահատականի, հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել»։
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կգանձվի պետբյուջե։
Մի քանի բուհերում այս պահին ստուգումներ են ընթանում, աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին եւ նոր միայն տվյալներ կհրապարակվեն, ասում է ծառայության պետը։
«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել։ Այս պահին էլ ԵՊՀ-ում են աշխատանքներ տարվում»։
«ՊՆ-ում մեր լինելը տրամաբանական չէ, այնտեղ քրեական գործեր են հարուցված եւ մենք հիմա սպասում ենք, որ իրավապահ մարմինները իրենց գործը վերջացնեն, եւ նոր միայն մենք այնտեղ մեր աշխատանքը կիրականացնենք», - ասում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Կենտրոնական զինկոմիսարիատում կազմակերպչական բնույթի խախտումներ են արձանագրվել, որոնք կարող են կոռուպցիայի հիմք հանդիսանալ»։
Դավիթ Սանասարյանը նշեց նաև, որ չկա մի պետական կառույց, որտեղ քաղաքացիներին ընդունում են այնպես, ինչպես Վերահսկողական ծառայությունում եւ կառույցը պատրաստակամ է լսելու բոլորին։
Ծառայության հաջորդ թիրախը լինելու է Հայկական ատոմային էլեկտրակայանը․ հանձնարարականը վարչապետից են ստացել։
0 Մեկնաբանություն