ԱՐՑԱԽ

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ քննարկելու ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի առիթով

Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռ Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *