ՌԵՖՈՐՄացիա

Առցանց դիմումներն ավելացել են, սակայն մինչ օրս չկա միասնական տեղեկատվական բազա և ընդունարան

Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած տեղեկությունների՝ սոցիալական պաշտպանության ոլորտում 2017-2018թթ. իրականացված աշխատանքների վերաբերյալ Կենսաթոշակային ոլորտում իրականացված աշխատանքների թվում է նաև 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ և երեխայի խնամքի նպաստների համար առցանց դիմելու ենթահամակարգի գործարկումը: Ընդ որում՝ 2017թ. հունվարի 1-ից մինչ օրս առցանց ներկայացված դիմումի հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվել 35 .900 անձի: Երեխայի խնամքի նպաստ է նշանակվել 99 անձի: Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնը համակարգող, Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային բաժնի պետ Արմեն Փոթինյանի խոսքով, ներկայում իրենց մոտ առցանց դիմումներ ստացվել են միայն 1-ին և 2-րդ երեխայի համար, ովքեր ծնվել են ՀՀ-ում: Ըստ Արմեն Փոթինյանի համակարգը նպաստավոր է նրանով, որ քաղաքացին առանց կենտրոն հասնելու, տնից հեշտությամբ կարող է առցանց դիմել՝ զերծ մնալով այստեղ այնտեղ փաստաթղթեր տանել-բերելուց: Պատասխանն ստացվում է 10-օրյա ժամկետում: Ամսական ստանում են շուրջ 70 առցանց դիմումներ: Հավելենք, որ նախորդ շաբաթ սոցապ նախարար Մանե Թանդիլյանն, ամփոփելով պաշտոնավարման 100-ը օրը, տեղեկացրեց, որ կառավարության հաստատմանն են ներկայացրել 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելու՝ 50.000 դրամի 150.000 դրամ դարձնելու մասին նախագիծը, որը նախատեսում են ուժի մեջ դնել հոկտեմբերի 1-ից: Նախագիծն ըստ նախարարի, կարևոր է այնքանով, որ ՀՀ-ն այսօր լուրջ ժողովրդագրական խնդիր ունի և ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն 3-4-րդ, այլև 2-րդ երեխայի վրա:Մանե Թանդիլյանի ամփոփ հաշվետվության մեջ 1 տողով նշված էր նաև Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ակտիվացմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին: Արմեն Փոթինյանի հետ զրույցում, սակայն, տեղեկացանք, որ Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնն այդպես էլ շարունակում է գործել հին՝ ոչ համալիրի կարգավիճակով: Պատճառների մասին դժվարանում է ասել, միայն ընդգծում, որ այն որոշակիորեն դժվարացնում է կենտրոնում մեկտեղված սոցիալական կառույցների համատեղ աշխատանքը, հենց թեկուզ միասնական տեղեկատվական բազաների ու միասնական ընդունարանի բացակայության պատճառով:ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 1-ին տեղակալ Արսեն Մանուկյանը, մեզ հետ հեռախոսազրույցում չի հերքում տեխնիկական խնդիրներն ու կառուցվածքային պատկանելության հարցերը, ինչի պատճառով այսօր հանրապետությունում դեռևս լիարժեքորեն չեն գործում Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնները, որպիսիք 23 –ն են: Առայժմ հաջողվել է մեկ տանիքի տակ մեկտեղել բոլորին:Արսեն Մանուկյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է միավորել 1 էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա ժամանակ խնայելով՝ ստանալ ընտանիքի և մարդու սոցիալական կարգավիճակի մասին ամփոփ տվյալներ՝ առանց գրավոր հարցումների։ Կառուցվածքային փոփոխություներ կարելի է ակնկալել մինչև այս տարեվերջ,-նշում է փոխնախարարը, տեղեկատվական համակարգերի մասով դեռևս անորոշ է:Սոցիալական համալիր կենտրոնն այն վայրն է, որ մատուցում է սոցիալական ծառայություններ հանրության մի ստվար զանգվածի: Շատ կարևոր է, որ մարդիկ այստեղից գոհ դուրս գան՝ միևնույն ժամանակ, դրսևորելով պատշաճ վարքագիծ,- խոսելով օրերս Լոռի թիվ 1 ԲՍՓՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին ,-ասում է Արմեն Փոթինյանը: Նրա խոսքով փորձաքննության եկած տղամարդը հարվածել է հանձնաժողովի նախագահի գլխին, նաև անվայելուչ արտահայտություններ արել: Լավ կլիներ, եթե համալիր կենտրոնում լիներ ոստիկանական հերթապահ հսկողություն՝ անվտանգության նկատառումներով:Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Լոռի թիվ 1 ԲՍՓՀ նախագահ Մարզպետունի Մինասյանի հետ: Ի՞նչն է նման միջադեպի պատճառ հանդիսացել: Ըստ Մինասյանի՝ հաշմանդամության սահմանման չափորոշիչների փոփոխմամբ պայմանավորված՝ վերջին շրջանում դժգոհություններն ավելացել են, հատկապես՝ երբ զրկվում են հաշմանդամության խմբից: Քաղաքացիներից շատերը հաշվի չեն նստում այդ հանգամանքի հետ: Արդյունքը՝ բռնության դեպքեր: Լոռի թիվ 1 ԲՍՓՀ –ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք նաև սոցապ նախարարի 1-ին տեղակալից: Արսեն Մանուկյանը քաղաքացիների ագրեսիվ վարքագիծն ինչ խոսք չի արդարացնում, բայցև փորձում հասկանալ դրդապատճառները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *