Հելսինկյան քաղաքացիական գրասենյակի տվյալներով՝ ընտանեկան բռնության դեպքով վերջին 1 տարում գրասենյակ 2 դիմում է ստացվել: Ուղղորդվել են կանանց իրավունքների պատշպանությամբ զբաղվող կառույցներ: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանի խոսքով ընտանեկան բռնության թիրախում շատ հաճախ են հայտնվում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը կրկնակի խոցելի է դարձնում նրանց: Դաշտը սակայն բաց է,-ասում է Անուշը, ընտանեկան բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ որևէ համապարփակ հետազոտություն չկա: 2018-ի սեպտեմբերին մայրաքաղաքում կայացած «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության համաժողովին հնչեցվեցին մտահոգիչ թվեր: Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 հետազոտության՝ 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10 երեխայից 7-ը: Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որևէ տեսակի մարմնական պատժի։ 1-2 տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ: Լոռու մարզում օրինակ, 5 երեխայից 4-ի նկատմամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ չծնված երեխաները հաշմանդամություն են ձեռք բերել հղիության շրջանում՝ մոր հանդեպ հործադրված բռնության արդյունքում: Որպես ուղենշող երկիր, Հ-ը պարտավորվել է 3-5 տարիների ընթացքում գործնական քայլեր իրականացնել այս խնդրին վերջ դնելու համար: Այժմ ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ: ՄԱԿ մանկական հիմնադրամի աջակցությամբ քայլեր են արվում նաև դրական ծնողավարության խթանման ուղղությամբ: 2017-ի վերջին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում ըստ Սիրան Քոչինյանի՝ կա շատ կարևոր մի դրույթ՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների մասին, որն անհրաժեշտ է՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հոգեբանորեն պաշտպանված լինելու և թեկուզ ժամանակավոր կացարան ունենալու առումով: Հուսով են, որ 2019-ից պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի մարզային կենտրոնները վերաբացելու և ապաստարաններ ունենալու ուղղությամբ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալներով՝ 2017_ի ընթացքում գրանցվել է 5600 զանգ, 2010-2017 թթ-ին՝ ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է առնվազն 50 կին, ՀՀ-ում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնության 2000 դեպք, 2017-ին վարույթ է ընդունվել և քննվում է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ:
0 Մեկնաբանություն