ՌԵՖՈՐՄացիա

«Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը՝ օգնության ձեռք պետությանը

Կամիլան ՀԿԽ Լոռու մարզային կառույցի կամավորներից է: Շաբաթը 2 անգամ այցելում է Բուլղարական տնակավանում ապրող Կարինե տատին: Զրուցում է, օգնում՝ ինչով կարող է, հոգեբանորեն աջակցում: Մեծերից շատ բան կա սովորելու,-ասում է, մանավանդ երբ կա օգնելու ցանկություն: Բազմաթիվ դժվարություններ է կրել Կարինե տատը:: Ամիսներ առաջ կաթված ստացել: Դժվար է քայլում: Կարմիր Խաչի թիմին է շնորհակալ՝ հարազատի պես օգնում- խնամում են: Նրանց շնորհիվ վիճակը բավական բարելավվել է: Արդեն կարողանում է ձեռնափայտով քայլել: Անգամ ջուր ունի տնակում: Պետութ- յունը մեզ ոչնչով ձեռք չի մեկնում,- սրտնեղում է Կարինե տատն ու հիշում՝ ինչպես էր մեծ դժվարությամբ փայտ հայթահայթում՝ տաքանալու և օրվա ապրուստի համար: Աղջիկն ամուսնացած է: Մեծ ընտանիք ունի, չի հասցնում հաճախակի այցի գալ: Կարմիր Խաչի հետ հանդիպումը փրկություն է համարում: Մինչ փորձում ենք նեղլիկ տնակում նկարահանումներ անել, չի մոռանում Գայանեին խնդրել՝ ավլել տնակի շուրջը: Սիրում է, որ ամեն ինչ իր տեղում է,կոկիկ ու մաքուր: Քիչ անց՝ մեզ է միանում նաև բուժքույրը: Անմիջապես առողջականից է հարցնում: Տնային խնամողն է Գայանե Մամուլյանը: Մինչ նրա հետ ենք զրուցում, Կարինե տատը բուժքրոջ օգնությամբ մի շրջապտույտ է տալիս տնակում: Գայանեն ասում է, որ տարեցները, խնամքից բացի, ունեն շփման շատ մեծ կարիք: Կարինե Կոծինյանի հետ հանդիպումն է հիշում: Ինչպես բուժքրոջ՝ Նարինեի հետ նրան կյանք վերադարձրին: 2 տարի է Լոռու մարզում մեկնարկել է «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը՝ Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր Խաչերի հետ համագործակցությամբ, որ տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել է ենթադրում: Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Վանաձոր, Սպիտակ քաղաքային և Մարգահովիտ, Օձուն և Մեծ Պարնի գյուղական համայնքներում: Այժմ ծրագրում ընդգրկված են 51 տարեցներ, գերակշռողը՝ տատիկներն են: 75-ամյա Լարիսա Խաչատրյանն էլ է ծրագրի շահառուներից: Հետաքրքիր զրուցակից է: 40 տարի է՝ քրոնիկ հիվանդ եմ,-ասում է: Վիճակը վատթարացել է ընտանեկան դժբախտությունների պատճառով: Ծրագրի թիմի լավ վերաբերմունքը ոտքի են հանել: Հիմա քայլակով ու հենակներով կարողանում է տեղաշարժվել տանը: Ինձպես շատ-շատերն անպաշտպան են, պետական ուշադրություն չկա, 34000 թոշակով ապրել հնարավոր է՞-հարցնում է: 20 տարի նախկին ԻԿԲ Ավտոմատիկա գործարանում է աշխատել, շարժիչներ հավաքել: Լավ ամուսին է ունեցել Լարիսա տատը, ում մինչ օրս առանձնակի սիրով է հիշում: Բուժքույր Նարինե Սիմոնյանին շատ է գովում: Շատ ջանացավ է: Մտադիր է հարևանի տղայի հետ ամուսնացնել: Լարիսա տատիկին կարոտն է շատ տանջում: Հարազատները միմյանցից հեռու չպիտի լինեն,- ասում է: Հեռավոր Ուֆայում գտնվող թոռներին ու որդուն է կարոտել: Թոռնիկին խոստացել էր սեպտեմբերի 1-ի ձեռքը բռնած ուղեկցել, չստացվեց: Բայց տրամադրված լավատեսորեն՝ անպայման գնալու է: Տարեցների խնամքի մեծ պահանջարկ կա, որ պետությունը միայնակ չի կարող իրականացնել- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամ- ների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը: Այս հարցում համագործակցում են միջազգային կառույցների հետ: Տարեցներին ուղղված ծրագրեր ու ռազմավարություն ունի մշակած պետությունը, խոչընդոտողը, սակայն մշտապես պակասող ֆինանսներն են: Նախկինում տատիկ-պապիկներին նաև սննդի փաթեթներ էին տրամադրում: Այժմ հովանավորի որոնումների մեջ են: Տարեցների համար այն իսկապես մեծ աջակցություն է: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ ինտեգրված առողջապահական և սոցիալական ծառայությունների մոդելի միջոցով նպատակ ունեն աջակցելու պետությանը՝ բարելավելու տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցողների կյանքի որակը: Տարեցները, մանավանդ՝ հաշմանդամություն ունեցող, արժանապատիվ կյանքի և ինքնուրույնության իրավունք ունեն, խնամքի և հոգատարության, ինչու ոչ՝ նաև մասնակից դառնալու հասարակական կյանքին: Ծրագիրը կշարունակվի մինչև 2019թ. դեկտեմբերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *