ՌԵՖՈՐՄացիա

Հաշմանդամություն ունեցողների խնդիրներին տեղեկացվածության պակասը՝ ներառմանը խանգարող գործոն

Նոյեմբերի 6-ին Վանաձորում կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին, որ աուտիզմ ուներ, գտնվեց 3 օր անց՝ Վանաձորի արհեստական լճերից մեկում: Լուրը մեծ արագությամբ սկսվեց շրջանառվել սոցիալական ցանցերում: Կարծիքները բազմաբնույթ էին՝ մի մասը մեղադրում էր երեխայի ծնողներին՝ անուշադրության մեջ, մի մասը համապատասխան կառույցներին՝ ոչ արդյունավետ ու համաձայնեցված գործությունների համար, մյուս մասն էլ առաջարկում էր մշակել մեխանիզմ, որով կճանաչվեն աուտիզմ ունեցող երեխաները, ինչը կնպաստի հասարակության մեջ նրանց հանդեպ ավելի ուշադիր և հոգատար վերաբերմունք դրսևորելուն: «Սովորեցրու՛ ինձ ավելին» ՀԿ նախագահ Լենա Հարությունյանի խոսքով՝ իրականում հասարակությունն այնքան էլ իրազեկված չէ աուտիզմի վերաբերյալ: Լենայի տղան նույնպես ունի աուտիզմ: Նա առաջարկում է, որ աուտիզմով երեխաները կրեն տարբերանշաններ:Չնայած հաշմանդամության խնդրների վերաբերյալ իրազեկման ու ներառականությանն ուղղված աշխատանքներին, որոնցում մեծ մասնաբաժին ունի ՀԿ սեկտորը, այդուհանդերձ, իրավիճակը հեռու է բավարար լինելուց, հատկապես մարզերում: Քաղաքաշինական մատչելիություն, հարմարեցված տրանսպորտի բացակայություն, կրթություն, մարզամշակութային միջոցառումներում նեգրավվածություն, զբաղվածություն՝ այն հիմնական ոլորտները, ուր հուա-ները բախվում են խնդիրների, ոլորտներ, որոնք սերտորեն փոխկապակցված են: 2016-2017-ին «Սեյվ Դը Չիլդրեն» կազմակեպությունն իրականացրել է «ՀՀ-ում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտությունը՝ նպատակ ունենալով գնահատել Հայաստանում երեխաների համար նախադպրոցական կրթության ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ առավել խոցելի խմբերի երեխաները: Հարցումն անցկացվել է ողջ հանրապետությունով՝ 3-5 տարեկան երեխաներ ունեցող 599 ընտանիքների շրջանում: Ըստ այդմ՝ մեր երկրում նշված տարիքի երեխաների՝ նախադպրոցական կրթական հաստատություններում չընդգրկվածության ցուցանիշը կազմում է 32.7%: Ընդ որում՝ գյուղաբնակ երեխաներն ավելի շատ են դուրս մնում ծառայություններից, քան քաղաքաբնակները։ Առհասարակ նախակրթական հաստատություններից չօգտվողների բարձր ցուցանիշ ունեցող մարզերից է նաև Լոռին՝ 53.2%: Ընդ որում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն առավել խոցելի են նախադպրոցական կրթական հաստատություններից դուրս մնալու տեսակետից։ Հանրապետության նախադպրոցական տարիքի երեխաներից յուրաքանչյուր 3-րդը չունի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն: Այդ երեխաների, գրեթե, 80%-ը՝ գյուղաբնակ երեխաներն են, որոնց թվում նաև հաշմանդամություն ունեցող: 2017-ից Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ-ը, որ զբացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությամբ, իրականացնում է «Մոբայլ մանկապարտեզները՝ որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարարական մոդել» ծրագիրը: Իր տեսակով ներառական այս ծրագրում ներդրվել է ծնող-օգնականի հաստիքը: Լոռու մարզում նման մանկապարտեզներ արդեն գործում են Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ և Փոքր Այրում բնակավայրերում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *