Հասարակություն

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները սպառնում են քանդել դեպի Վրաստան գնացող երկաթգիծը․ մասնագետները դա շանտաժ են որակում

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր փակել էին Ալավերդի քաղաքից դեպի Վրաստան գնացող ճանապարհը, որը անցնում է Ալավերդու Էնգելս կոչվող թաղամասով։ Գործարանի աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները իրենց մեքենաներով, հնարավոր բոլոր այլ միջոցներով երկու ժամ շարունակ փակ են պահել ճանապարհը մինչև դեպքի վայր են ժամանել մարզպետարանի աշխատակիցներ ու մարզպետի օգնականը։ Գործարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ իրենց ակցիան առայժմ նախազգուշական է, սակայն եթե որոշում կայացվի գործարանը վերջնական փակել և այն բանկին հանձնել, ապա իրենք ընդունակ են ավելի լուրջ քայլերի՝ մասնավորապես պատրաստվում են քանդել դեպի Վրաստան գնացող երկաթգիծը։

Բանն այն է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված էին ՎՏԲ բանկում, և հիմա վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցնում է «Վալեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, իսկ մինչ այդ ընկերությունը տուգանվել էր 300 միլիոն դրամով, ինչպես նաև արտանետումների հետ կապված լուրջ պահանջներ էին ներկայացվել։ Գործարանը արդեն տևական ժամանակ է չի աշխատում, գործարանի աշխատակիցներն էլ ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ:

Աշխատակիցների այսօրվա ակցիան, ինչպես արդեն նշեցինք, նախազգուշական է, որով նրանք փորձում էին կառավարության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա, որ գործարանի փակումով քաղաքում այլևս աշխատատեղ չի մնա, իսկ գործարանի 700 աշխատակիցները պարզապես գործազուրկ կդառնան։

Ակցիայի մասնակիցները «Առաջին լրատվական»-ին փոխանցել են, որ եթե 2 օրում հարցին լուծում չտրվի, իրենք համապատասխան գործիքներով գնալու են և քանդեն դեպի Վրաստան գնացող երկաթգիծը։ Մարզպետի օգնականը, աշխատակիցների խոսքերով, խոստացել է, որ հարցին լուծում կտրվի, վաղը նախարարները կլինեն մարզում և տեղում կքննարկեն հարցը։

Նշենք, որ այսօրվա ակցիային ոչ բանկից, ոչ էլ «Վալեքս Գրուպից» ներկայացուցիչներ չեն եղել, բայց, ըստ էության, գործարանի աշխատակիցներին ոտքի հանողը հենց սեփականատերերն էին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր Թեղուտի հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալեքս» խմբի մեջ: Հանքավայրի շահագործումը դադարեցվել էր շուրջ 380 միլիոն ժամկետանց վարկի պատճառով։ Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ՎՏԲ բանկը պատրաստվում է վերցնել Թեղուտի հանքավայրը ժամկետանց այդ վարկի դիմաց։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել հանքավայրի շահագործման համար՝ գրավադրելով հանքավայրը և հայտնվել փաստի առաջ։

Ստացվում է, որ այս երկու դեպքերով էլ Հայաստանի երկու շատ մեծ ու հզոր հանքավայրեր, որոնք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներն են, փաստացի հայտնվելու են ռուսական կապիտալով աշխատող ՎՏԲ բանկի ձեռքում, որից հետո խոսել բնապահպանական կամ այլ ռիսկերի մասին, աբսուրդ կլինի։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ Ալավերդու գործարանի դեպքում կատարվածը շանտաժ է, քանի որ իրենք տարիներ շարունակ աշխատել են բնապահպանական և այլ նորմերի կոպտագույն խախտումներով, իսկ հիմա ցանկանում են շարունակել նույն կերպ։ «ՀՀ-ում բնապահպանական նորմերի շահագործումը տեղի է ունենում գործող օրենքների ու նորմերի խախտումներով։ Նույն Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված տարբեր հրապարակումներ, բացահայտումներ են եղել, թե ինչպես են նրանք արհամարհում բնապահպանական չափանիշները։ Իրենք տարիներ շարունակ նախկին իշխանությունների հետ ինչ-որ պայմանավորվածությունների շրջանակներում աշխատել են կոպտագույն խախտումներով և հույս ունեին, որ նոր իշխանություններն էլ իրենց չեն անհանգստացնի, բայց վերջին ստուգումը, որը իրականացրեց բնապահպանական տեսչությունը և որի արդյունքում 380 միլիոն դրամի տուգանք նշանակեց հենց արտանետումների հետ կապված, արդեն պարզ էր, որ նոր իշխանությունը չի հանդուրժելու ոչ մի օրենքի խախտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հիմա Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը պարզապես շանտաժ է անում՝ թե կամ թույլ կտաք աշխատել նախկին ձևով, կամ էլ չենք աշխատելու։ «Սա անընդունելի մոտեցում է։ Սա շանտաժ է և լրացուցիչ մեկնաբանությունների տեղիք է տալիս, քանի որ այդ նույն բողոքի ակցիայի դուրս եկած աշխատակիցները աշխատում են նորմատիվները խախտելով։ Նույնն էլ «Լիդիանի» դեպքում է։ Եթե «Լիդիանը» համոզված լիներ, որ գալիս է մի երկիր, որտեղ պահանջները խիստ են ու այդ խիստ պահանջները բավարարել է պետք, ինքը չէր գա այդ երկիր։ Պարզապես մենք նմանվել ենք մի երկրի, որտեղ կարելի է բնապահպանական նորմերը չպահպանելով ներդրում անել, պոկել յուղոտ կտորը, հանել և թե դրանից հետո ինչ կլինի այդ երկրի հետ, այդ երկրի բնության, մարդկանց հետ, դա իրենց չի հետաքրքրում»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ նույն Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը ժամանակին փորձում էր գումարներ հայթայթել HSBC բանկից, բայց բանկի համապատասխան աշխատակիցները Ալավերդի այց էին կատարել և տեսել էին, թե ինչ բնապահպանական վնասներ է հասցնում պղնձամոլիբդենայինը և միանգամից հրաժարվել էին վարկային միջոցներ տրամադրելուց։ Հենց դրանից հետո հայտնվում է ՎՏԲ-ն ու ֆինանսավորում է ռիսկային, բնապահպանական նորմերի խախտումներով աշխատող ընկերությանը։ «Փաստը մնում է փաստ, որ պղնձամոլիբդենայինի ու Թեղուտի ֆինանսավորումը իրականացրել է ՎՏԲ-ն ու հիմա փաստի առաջ է կանգնել։ Հիմա փաստ է, որ չի կարելի Թեղուտը շահագործել, քանի որ հանքավայրը այլևս պոչամբար չունի, իսկ լրացուցիչ պոչամբար կառուցելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 30 միլիոն դոլար։ Հիմա եթե անգամ ՎՏԲ-ն ունի այդ ակտիվը, որով կարող է շահագործել Թեղուտը, այլևս կառավարությունը թույլ չի տալու շարունակել շահագործումը այդ խայտառակ խախտումներով։ Նույնն է նաև պղնձամոլիբդենայինի դեպքում։ Եթե ցանկություն կա շահագործել, ապա պետք է ներդրում արվի, իսկ դրանից խուսափելու համար հիմա ընկերությունը շանտաժ է անում՝ իմանալով հանդերձ դրա տնտեսական ու սոցիալական էֆեկտը։ Պարզ է, որ իրենք խոշոր հարկատուների ցանկում են, բայց դա չի նշանակում, որ պետությունը ամեն գնով պետք է հարկ հավաքի։ Այսօր հանքաարդյունաբերությունը Հայաստանում պետք է տեղի ունենա միջազգային նորմերի, ստանդարտներին համապատասխան»,- նկատեց Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետը ոչ մի վտանգ չի տեսնում, որ Հայաստանի երկու խոշոր հանքավայր փաստացի հայտնվելու է ռուսական բանկի ձեռքում։ Պետությունը այստեղ մի շատ կարևոր ֆունկցիա ունի՝ թույլ չտա ցանկացած ընկերության իր երկրի տարածքում աշխատել բնապահպանական և այլ նորմերի խախտումներով։ Հիմա էլ, Խաչատրյանի խոսքերով, եթե հայտնվեն նոր ներդրողներ, կամ ՎՏԲ-ն ինքը որոշի ակտիվներ ներգրավել, ապա պետությունը, բնապահպանական տեսչությունը լիարժեք իրականացնելով իր գործառույթը, խստորեն կվերահսկի ընկերությունների գործունեությունը ու անհրաժեշտության դեպքում կկայացվի այն որոշումը, որը կայացվել է վերջին երկու դեպքում։ «Պետք չի այս ամենից մեծ տրագեդիա սարքել։ Երկու հանքավայրի շահագործման դադարեցմամբ աշխարհը չի ավարտվում։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ Հայաստան եկած ընկերությունները չպետք է խախտումներով աշխատեն, շանտաժ անեն, խաբեն ու ամեն գնով փող աշխատեն։ Այդ ճանապարհով մեզ ոչ աշխատատեղ է պետք, ոչ հարկ»,-եզրափակել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *