Հասարակություն

Արցախի բնակչության համար 1 տարի անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: 

Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ 1 տարով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Հաջորդ կարևոր ծրագրով՝ այն կարիքավոր ընտանիքներին, որոնց 1 շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60.000 ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները 1 շնչի հաշվով կստանան 300.000 ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *