Հասարակություն

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԻՆԹԵՐԼԻԶԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

    Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ «Ինթերլիզը» գրական միջազգային փառատոնը, որտեղ տարբեր երկրների գրողներ ընթերցեցին էին իրենց ստեղծագործությունները: Հայաստանից փառատոնին մասնակցելու հրավեր էր ստացել Մովսես խորանացու մեդալակիր, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, հեքիաթագիր, դրամատուրգ՝ Էլֆիք Զոհրաբյանը, որի հեքիաթները թարգմանվել էին գերմաներեն, իսկ մեկը զետեղվել էր Հալլեի հայտնի «Oda» հանդեսում: Փառատոնի մյուս ներկայացուցիչներն էին Լիտվայից ճանաչված գրող Ռիմանտաս Քմիթան, որի երկի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, ազգությամբ պարսիկ Համիդ Էշրադը Բեռլինից և այլք: Փառատոնի վերջին օրը Հալլեի տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր փակումը, որի ընթացքում գրողները գերմաներենով կամ անգլերենով հարցազրույց տվեցին, ապա ընթերցեցին իրենց գործերից:         

    Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի հետ հանդիպում էր կազմակերպվել նաև գերմանացի 11-16 տարեկան աշակերտների հետ Մերսեբուրգ և Թոյչենթալ քաղաքների գրադարաններում, Ռոսենբախի դպրոցում: Հայ հեղինակը պարզեց, որ գերմանացի դպրոցականները տեղյակ չեն Հայաստանից և քարտեզի վրա ցույց տալով պատմական Հայաստանը, հակիրճ ներկայացրեց մինչև մեր օրերը՝ ներառելով նաև մեր ազգային արժեքներն ու գերմանացի դասականների հայերեն թարգմանությունները: Բավականին ջերմությամբ ընդունվեցին «Բյուրեղապակե մարդը» գրքի հեքիաթները: Դպրոցականները բազմաթիվ հարցեր ուղղեցին հայ հեղինակին: Թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները ցանկացան ձեռք բերել այդ հեքիաթների գերմաներեն թարգմանությամբ գիրքը: Գրադարավարներն ու ուսուցիչները իրենց հարցազրույցներում բարձր գնահատեցին հայ հեղինակի հեքիաթները՝ արժևորելով համամարդկային կողմերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *