Հասարակություն

Պետք է առանձնացվի Ադրբեջանում պահվող հայ գերիների առնվազն 2 կատեգորիա՝ նրանց թվի առումով.ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 Պետք է առանձնացվի Ադրբեջանում պահվող հայ գերիների առնվազն 2 կատեգորիա նրանց թվի առումով․

Մեկը պետք է վերաբերի անվիճարկելի, օբյեկտիվ բնույթի ապացույցներին, որոնք հաստատում են Ադրբեջանում գերության մեջ լինելը։ Ընդ որում, մենք հիմք չպետք է վերցնենք այն թիվը, որ Ադրբեջանն է հաստատել։ Մենք պետք է գերության մեջ գտնվելու փաստը ֆիքսենք այն պահից, երբ տեսանյութերով ու լուսանկարներով պարզում ենք Ադրբեջանի զինված ուժերի կամ որ նույնն է` այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո գտնվելը։ Հենց այս եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքի ու առողջության երաշխավորման պարտավորությունը, որովհետև կան դեպքեր, որ տեսանյութերում կան գերիներ, սակայն Ադրբեջանը գերության փաստը չի հաստատում։ Այսինքն՝ գերության մեջ գտնվելու այս կատեգորիայի հստակ թիվն այդպես է պետք ձևավորել։

Երկրորդ կատեգորիայում Ադրբեջանում պահվող մեր այն գերիներն են, որոնց վերաբերյալ, օրինակ, առկա չէ գերության փաստը հաստատող տեսանյութ կամ լուսանկար, բայց մենք այլ աղբյուրներից ենք տեղեկացել, ունենք այլ ապացույցներ ու կասկածելու հիմքեր, որ գերության մեջ են և այլն։ Այդ դեպքում մենք ազատ ենք ասելու, որ, օրինակ, առնվազն 200 հոգի կամ, պայմանականորեն, առնվազն 100 հոգի հավանական գերի կա` առանց ինքներս մեզ սահմանափակելու։

Մենք պետք է այս 2 կատեգորիան զատենք իրարից։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետական իրավասու մարմինը պետք է ոչ թե ցուցակներ հրապարակի, այլ թվական տվյալներ։

Այդ տվյալների հրապարակմամբ կկանխվի նաեւ ապատեղեկատվությունն ու շահարկումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի պաշտոնական դիրքորոշման հիման վրա մեծացնել միջազգային ճնշումը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *