Մշակույթ

Աղավաղվել ու կեղծվել է դպրոցի պատմությունը. Նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանի նամակը «Լոռի» TV խմբագրությանը

Սիրելի վանաձորցիներ

       Դիմում եմ Վանաձոր քաղաքի դպրոցների ներկայիս և ապագա տնօրեններին, ուսուցիչներին, մանկավարժներին: Բոլորիդ հայտնի Գագիկ Քարհանյանը փատավավերագրական բնույթի գիրք է տպագրել Վանաձորի դպրոցների պատմության մասին: Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի պատմությունը, Գագիկ Քարհանյանի քմահաճույքով պայմանավորված, կեղծված է և խեղաթյուրված: Կազմելով թիվ 8 դպրոցի պատմությունը , հեղինակը հարկ չի համարել գրքում ընդգրկել տվյալ  դպրոցում արդեն 20-30 տարի աշխատող մի խումբ ուսուցիչներին, որոնցից մի մասը ժամանակին «Տարվա լավագույն ուսուսուցիչ» մրցույթում ճանաչվել են որպես լավագույնը: Նրանք դուրս են մնացել գրքի էջերից միայն այն պատճառով , որ կանխավ  Գագիկ Քարհանյանին չեն վճարել գրքի արժեքի (8 000 դրամ) գոնե մի մասը: Որպես պատասխան նա գրքից հանել է այդ ուսուցիչների նկարները, անուն-ազգանունները: Վանաձորի թիվ 8 դպրոցի էջերը թերթողը կտեսնի, որ դպրոցի ունեցած հաջողություններին, ներկայացված ուսուցիչների կողքին՝ մեծ ներդրում են ունեցել դպրոցի  ֆիզարձակուրդում գտնվող համակարգչային օպերատորի փոխարինողը, փոխարինող բուժքույրը, բայց ոչ դպրոցի շարժիչ ուժը հանդիսացող քաղաքի լավագույն ուսուցիչ ճանաչված, որակավորման  առաջին աստիճանի տարակարգ ունեցող դասվար Թագուհի Թադևոսյանը, դասվար Սաթիկ Գալստյանը, քաղաքի լավագույն ուսուցիչ ճանաչված, որակավորման  առաջին աստիճանի տարակարգ ունեցող Նարինե Միքայելյանը (հաոց լեզու ,գրականություն), Մանյա Ծատուրյանը (ռուցաց լեզու), Արմինե Ղազարյանը (պատմություն), Անահիտ Ժամհարյանը (հայոց լեզու, գրականություն), Նաիրա Պողոսյանը (աշխարհագրություն),Անուշ Այվազյանը (մաթեմատիկա): Թվարկված բոլոր ուսուցիչները  20-30 տարի աշխատելով նույն դպրոցում, իրենց գիտելիքներն, ուժն ու եռանդն են նվիրաբերել  մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին: Նրանք մանկավարժության նվիրյալներ են:

         Կատարվածի աբսուրդը կայանում է նրանում, որ վերը թվարկված ուսուցիչները Գագիկ Քարհանյանի գործընկերներն են: 2001 թ-ից  առ այսօր նա աշխատում է Վանաձորի թիվ 8 դպրոցում, որպես զինղեկ, իսկ 2002 թ-ից Լոռու մարզպետարանի ղեկավարության  «օրհնությամբ»   ունի հատուկ արտոնյալ կարգավիճակ: Գագիկ Քարհանյանին թույլատրվել է աշխատել 1.5 դրույքով որպես Վանաձորի թիվ 8 դպրոցի զինղեկ և միաժամանակ մեկ ամբողջ դրույքով՝ աշխատանքային տեսչության գլխավոր մասնագետ: Շրջանցելով  ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները՝ նա տարիներ շարունակ, առ այսօր ստացել և ստանում է 2.5 դրույքի աշխատավարձ, փաստացի չաշխատելով որպես զինղեկ, չգտնվելով դպրոցում ամեն օր  դրույքային 7 (յոթ) աշխատանքային ժամ, պարապելով միայն շաբաթը  երկու  դասաժամ ՆԶՊ առարկայից:       

        Հարգելով իրեն, վերը նշված ուսուցիչները երբեք չեն խոսել այս հարցի մասին,սակայն այսօր իրենք են արժանացել  Գագիկ Քարհանյանի արհամարանքին,քամահրանքին:

 «Լոռի TV» խմբագրությունը ֆեյսբուքից արտահանել է թեմային առնչվող մեկնաբանությունները, որոնք գրել են դպրոցի ուսուցիչները.  .

Անահիտ Ժամհարյան 

Շնորհակալություն, ընկ Ստեփանյան, մենք չփորձեցինք որևէ կերպ արձագանքել մեզ համար անչափ վիրավորական այդ հարցին, Դուք արեցիք մեր փոխարեն:

Մանյա Ծատուրյան

10 ուսուցիչներից մեկն էլ ես եմ, ում 32 տարվա աշխատանքային կենսագրությունը /Վանաձորի թիվ 8 դպրոցում/ ոտնահարվել է, գողացվել, դեն նետվել մի ,,գիրք գրողի,, կողմից միայն այն պատճառով, որ ուսուցչիս համեստ աշխատավարձից 8000դրամով չեմ աջակցել այդ մարդու բիզնեսին: Ի միջայլոց մեր նկարները չկան նույնիսկ մեռած ուսուցիչների շարքերում:

Թագուհի Թադևոսյան

Մենք մեր գործը միշտ արել ենք որակով, պատվով, նվիրումով, չենք սպասել գնահատականի որևէ անձի կողմից: Փաստագրական գրքում, որը դպրոցի պատմությունն է արձանագրում, հեղինակի կողմից ջնջված է 10 ուսուցչի 20-30 տարվա կյանքը, վաստակը: Պետք է հենց "մեղավորի" կողմից շտկվի այդ բացթողումը: Հուսանք,որ մեր շարքերում մի օր արժեքները վեր կդասվեն նեղ անձնական վիճակներից...

Լիլիթ Սահակյան (դպրոցի շրջանավարտ)

Շատ սիրելի ընկեր Ստեփանյան,
Չափազանց ցավալի է, որ անձնական քմահաճույքի և վրեժխնդրության հիման վրա են պատմական փաստեր կերտվում։ Բայց այն բոլոր փայլուն վաստակավոր ուսուցիչները, որ իրենց անունները չեն գտել պարոն Քարհանյանի գրքում, իրենց անունները դրոշմել են իրենց աշակերտների սրտերում, որոնք ցրվելով աշխարհով մեկ իրենց հետ սփռել են նաև իրենց հարգարժան ուսուցիչների բարձրագույն արժեքները՝ պատվախնդրություն, հայրենասիրություն և ամենակարևորը՝ երբեք, որևէ պարագայում չսապնվելու ունակություն։
Հարգանքներով՝ 
8-րդ դպրոցի շրջանավարտ, 8-րդ դպրոցի պատմության էջերում իր սիրելի ուսուցիչներին չգտած՝ Լիլիթ Սահակյան
 

Խմբագրության կողմից

Հիշեցնենք, որ Կարինե Ստեփանյանն այն տնօրենն է, որ Լոռու մարզպետի պատճառով 2016 թվականին հայտնվել էր դատական քաշքշուկի մեջ, ապա, իր դիմումի համաձայն, հեռացել աշխատանքից և ՀՀԿ կուսակցության շարքերից:

Մենք պատրաստ ենք թեմայի շուրջ լսել նաև Գագիկ Քարհանյանի պարզաբանումները:

Լուսանկարը՝ Կարինե Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *