Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ եթե ողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները չկայանան, դա աղետալի հետևանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը,- հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ ողջ աշխարհում, բոլոր երկրներում, վստահության ճգնաժամ է բնակչության և պետության միջև,-ասել է նա: «Մենք շատ մտահոգված ենք, քանի որ այժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամ կա: Ուստի կորցնում ենք ամենակարևոր միջամտությունը, որը մեզ թույլ կտա պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ»:
Նա առանձնացրել է 4 կարևոր տարր, որոնք ազդում են վստահության վրա: Առաջինն ու ամենակարևորը, նրա կարծիքով, բնակչության հետ ուղղակի հաղորդակցումն է, 2-րդը՝ տեղեկության աղբյուրները, որոնց օգնությամբ ձևավորվում է կարծիք: 3-րդը՝ միջավայրն է, և 4-րդը՝ իշխանության, կառավարական մարմինների և բժիշկների օրինակը: Նրա խոսքով՝ բնակչությունն ավելի շատ կվստահի պատվաստումներին, եթե սեփական աչքերով տեսնի, որ այդ գործընթացն անցնում են և՛ բժիշկները, և՛ քաղաքական գործիչները:
Բացի այդ, Վույնովիչը նշել է, որ անհրաժեշտ է դասակարգել բնակչությանը, որպեսզի հասկանալի լինի գլխավորը՝ ով չի վստահում: «Կան հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն մեր բժշկական անձնակազմին և մյուսներին՝ մեծացնել վստահությունը»,-հավելել է նա:
0 Մեկնաբանություն