COVID19

Դիմակ կրելը չվարակվածների մոտ թթվածնային քաղց չի առաջացնում․Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել անկման մասին։ Այո՛, օր ենք ունեցել, որ 700-ն անց թվեր ենք արձանագրել, սակայն այսօր էլ 612 նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ կանոններն ինքնին կարևոր են, բայց կարգապահությունն ավելի կարևոր է․ սկսած դիմակ կրելուց ձևից, վերջացրած՝ իրարից հեռու կանգնելով, ձեռքերը ախտահանելով, սենյակների օդափոխումով։

«Թեթև և միջին ծանրության դեպքերը բուժում ստանալու են տանը։ Այո՛, նաև հիվանդանոցից դուրս են գրվելու ծանրության աստիճանի թեթևացումից հետո։ Եվ դա մեր քաղաքականությունն է, նաև ամբողջ աշխարհում։ Իրենք պետք է մնան կա՛մ անհրաժեշտության դեպքում տեղամասային թերապևտի կամ մանկաբույժի, կամ ընտանեկան բժշկի հոսկողության տակ, կա՛մ, եթե շատ թեթև են՝ իրականում ոչ մի հսկողության կարիք չեն ունենալու։ Ու այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց պետք է աշխատեն նաև մեր համայնքները, որովհետև այդ պոլիկլինիկաները համայնքային ենթակայության տակ են մեծ մասամբ, տարածքային կառավարման ենթակայության տակ են»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Երևանի պետական բժշկական համալսարանի և «Նաիրի» բժշկական կենտրոնի բարձրացրած հարցերին, թե նրանք պատրաստ էին ընդունել կորոնավիրուսով հիվանդների, Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ ողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսների մեջ հատուկ սկզբունքներին համապատասխան։ «Այդ սկզբունքները միշտ լինելու են, այո՛, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ»,- շարունակեց Առողջապահության նախարարը։

Հարցին, թե անընդհատ դիմակ կրելը չի բերո՞ւմ թթվածնային քաղցի, Թորոսյանի պատասխանեց, որ չի բերում։ «Դա հերթական միֆն է։ Կարող են լինել կոնկրետ մարդիկ, ովքեր, որ հակացուցում ունեն, դրա մասին չի խոսքը․ տարբեր ասթմատիկ քաղաքացիներ և այլն։ Բայց սովորական քաղաքացիների մոտ դա թթվածնային քաղցի չի բերում, որովհետև  թթվածինը, միևնույն է, անցնում է դիմակով դեպի թոքեր և հետո արտաշնչվում է»,- ընդգծեց նա։  

Թորոսյանի խոսքերով՝ աշնանը վարակման տեմպը կարող է աճել, քանի որ ցուրտ եղանակներին մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, մնում են տանը, իսկ Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման շրջանը հենց աշնանն է, մասնավորապես նոյեմբեր ամիսը։

Խոսելով դիմակներ կրելու մասին՝ առողջապահական գերատեսչության ղեկավարը նշեց, որ բոլորի կողմից դիմակների ճիշտ կրման դեպքում էական անկում կգրանցվի։

Մանրամասն՝ News.am-ի տեսանյութում 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *