COVID19

«Գեղըմը մարդ չես գտնի, որ բարև տաս ու անց կենաս, Ահնիձորը հանգած փեթակ ա»

   Դավթյան Վահրամը Թումանյան խոշորացված համայնքի Ահնիձոր բնակավայրի բնակիչ է, աշխատասեր ու գյուղին նվիրված մարդ է: Լավ գիտի գյուղի պատմությունը, խնդիրները, հպարտանում է գյուղի մեծերով, հատկապես՝ Հրանտ Մաթևոսյանով, Խաչիկ Ղարբեկյանով: Իր մտքով երբեք չի անցել լքել գյուղն ու գնալ ավելի լավ կյանքի հետևից: Ասումէ՝ Մեր գեղըմ միայն կարելի ա շատ անասուն պահել, շատ ենք պահում, մեզ միայն այդ հարցով կարելի է գովել: «Մենք ենք, մեր սարերը» գիտե՞ք, էտ հենց Ահնիձորն ա:

Գյուղի երիտասարդության մասին

   -Երիտասարդների մի մասը Ռուսաստանում է, քոչել են, նոր են գնացել, մի մասն էլ, որը Երևան է գնացել, որը՝ Կիրովական (Վանաձոր), քաղաքներում են, իրենց գոյությունը պահում են: Մի մասն ընտանիքով է գնացել, մյուսները՝ ջահել տղերք են, չեն ամուսնանում: Երտասարդներից շատ քիչ մարդ կա հիմա գյուղում, երևի մի երեք հոգի մարդ լինի մնացած, էտ էլ երևի կգնան էս երկու օրվա մեջ, չեն կարա առանց գործ, առանց աշխատանք մնան գյուղում:

Կյանքն Ահնիձորում

   -Ոչ մի բան էլ չկա գյուղում, միայն անասուն պահելն է՝ ընտանիքի գոյությունը պահելու համար: Հարկ ու տուրքն էլ ենք տալիս, բայց ես կուզենամ էսօր մի հատ տուն շինեմ գյուղում: Ժամանակին մի հին տուն առա, էն վախտ ուժս տեղն էր, ասի՝ կսարքեմ, կվերանորոգեմ, երկրորդ հարկ կկառուցեմ: Եկավ ու ամեն բան թանկացավ, չկարողացա, դե, կտրված ենք ապրում, դա մեր խնդիրն ա, որ քաղաքից շատ հեռու ենք ապրում: Ես ավտո վարձեմ, գնամ կենտրոնից մի ավտո քար բերեմ, տուն սարքե՞մ, չի ստացվի: Այսինքն շատ անասուն պիտի պահեմ, որ մի հինգ կովի գումարով շինանյութ առենմ, բերեմ տուն սարքեմ: Ես կուզենամ, որ մի պուճուր, նորմալ տոկոսով վարկ տան, ես էնքան տղա եմ՝ նրանց պատասխանը տամ, «չոռնի» չեմ ընկնի:

Նախկին բազմամարդ գյուղն այսօր

   -Սովետի վախտը մոտավորապես 200 մարդ ապրել է գյուղում, բոլորը փախան գնացին: Երկրաշարժի ժամանակ էլ դատարկվեց, ու հմի գեղըմը մի մարդ չես գտնի, որ բարև տաս ու անց կենաս, սաղ փախել են, ամենքը ինչ-որ մի գործով: Լավ էլ գյուղ է եղել, լավ էլ ժողովուրդ է եղել: Ասում էին՝ ռայոնից մարդ ա եկել, եկեք հարգենք ու ճամփու դնենք: Հիմա չկա: Հիմա գեղում մենակ մի մարդ ա մնացել հասակով՝ Թոմոանց Հովիկը, 80-նն անց մարդ ա: Հիմա մեր գեղը հանգած փեթակ ա:  Գյուղից գնացին հիմնականում աշխատանք չունենալու պատճառով, աշխատանքն է խնդիրը: Գյուղում միայն անասուն պահելն է, ջահել տղերք շատ ունեինք, ցավոք, բոլորը փախել են գյուղից, ռուսաստաններում ու երևաններում են, մարդ չկա….

Ի՞նչ անել, որ տուն վերադառնա գյուղացին

   -Մեր գեղին կարող է ղեկավարությունը մի փոքր ձեռք մեկնի, հո միայն հարկը տալով չի՞: Հարկը պիտի տանք, իհարկե, որ գործ անեն: Հիմա էս Լորուտի ճալից ճամփա են գցել դեպի մեր գյուղը: Երեկ ես վռազ գնում էի քաղաք, ես չէ մենակ: Բարձր ղեկավարության մասին եմ ասում, ինչի՞ խաբեցին, հրեն նրանցը (Լորուտ, Մարց) երկու կողմանի ճամփա է, մեջտեղից էլ սպիտակ գիծ, բա մեր Ահնիձորն ո՞ւր կորավ, կարող էինք օգնել, ընդառաջել, որ եկող մեքենային ճամփա տայինք: Մեկը մյուսին եսիմ ինչ ձև են ճամփա տալիս, նեղանալով, վրդովվելով: Էտ մի բանը խաբեցին մեր գեղին, դե, խաբեցին՝ իրենց գործն ա: Ես կուզենամ մեր գեղը աշխատանք ըլնի, դե հարսներ կան, ոչ կարի արտել կա, ոչ շփում կա, Դեբեդ ու Դսեղ աշխատում են, մի լոք տեղ ա, կարում են գնան աշխատեն, գան:

Անգամ խանութ չունենք…

   -Մեր խնդիրները շատ-շատ են: Ամառնանում ա՝ քոչում ենք սար, գոմահանդ, խոտհունձը սկսում ա՝ բենզին ա, «սալյարկա» ա, յուղ ա: Վառելիքն էլի,  շատ թանկ, Էդ ձևի, չափից դուրս թանկացնել չի կարելի, օգնություն էլ չկա, չտան էլ՝ էլի մենք մեր գործն անում ենք: Մեր գեղըմ մին էլ գազ չկա, Մարցում կա, Լորուտ կա, մենք չունենք: Ես ուրախանում եմ, որ անտառը պահեն, որ մարդը չգնա ծառ կտրի՝ թե բա ես բերեմ իրիկունը վառեմ: Ավելի լավ ա պետությունը քոմագ անի (օգնի), մեր գեղն էլ հետը քոմագ անի, գազը քաշենք՝ մեր գեղըմն էլ գազ ունենանք: Ունենանք, էլի, խի հետ մնանք, սաղ երկիրը գազ ա վառում, եթե կա՝ մենք էլ ունենաք, օգտվենք: Մեր ծմակը, մեր անտառը կմնա արդար, գեղի ժողովուրդն էլ կուրախանա:  Գեղըմն անգամ խանութ չկա, մենք խանութ չունենք, մի պուճուր բուդկա ա, զոռի ծխախոտ, կոֆե ու հաց են ծախում, ուրիշ ոչ մի բան: Եթե մի գեղըմ խանութ չլինի, եթե մարդը չի համարձակվում մի հատ խանութ դնի, առևտուր անի՝ էլ նա ի՞նչ գեղ կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *