COVID19

Հայաստանն արդեն բանակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  լավատեսական հայտարարություն արեց՝ նույնիսկ երբ  կորոնավիրուսային իրավիճակը մնում է մտահոգիչ։

Ըստ նրա՝  աշխարհում արդեն  իսկ 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնցից 20-ը հավանաբար կդառնան պատվաստանյութեր։

«Ամենայն հավանականությամբ՝ լինելու են պատվատանյութեր, և լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը, ինչը շատ կարևոր է երկրագնդի բնակչության համար, որովհետև այսպիսի վիրուսի դեմ երբևիցե պատվաստանյութ չէր ստեղծվել»,-ասել է նա՝  նկատի ունենալով փորձարկումների արդյունքները։

Հայաստանն արդեն բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով, մեկն՝ ուղիղ արտադրողների հետ, այդ դեպքում՝ անձամբ նախարարը։

«Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եվ այդ վակցինան հավանական թեկնածուներից մեկն է։Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, GAVI-ի, UNICEF-ի  պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել»,- ասել է Թորոսյանը։

Նա կարևորում է այս պահից սկսած արդյունավետ բանակցությունները, քանի որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն և մյուս երկրներին  այն հասնի  շատ ավելի ուշ:

Նրա խոսքով՝ պատվաստանյութերը պատրաստ կլինեն  2020թ-ի վերջին կամ 2021 թվականի սկզբին։ Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև 3-րդ փուլի հետազոտությունների ամփոփումը լինելու է այդ ժամանակ:

« Պատվաստանյութերը լինելու են և փոխվելու է ամբողջ իրավիճակը։ Մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և մնացած կանոների, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք, հետ չմնանք զարգացումներից»,-ասել է նախարարը:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *