COVID19

Կասեցվել է կարի խոշոր արտադրողների աշխատանքը Գյումրիում և Արթիկում

Գյումրիում և Արթիկում 2 օրում կասեցվել է կարի 4 արտադրամասի գործունեություն՝ «Սաստեքս», «Սվեստեքս», «Չեխարմինվեստ» և «Վոլիում գրուպ», ընդ որում՝ առաջին 2-ը՝ 72 ժամով։

Նախորդիվ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի ընթացքում այս ձեռնարկություններում արձանագրել էր ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ։ Մասնավորապես, չի ապահովվել անհրաժեշտ թվով փակվող աղբամանների առկայությունը, ջերմաչափման, ընդմիջումն արտադրական մասից դուրս՝ առանձին օդափոխվող տարածքում կազմակերպելու պահանջները թերի են կատարվել, աշխատանքային արտահագուստի և սեփական հագուտի համար առանձին հանդերձապահարաններ չեն նախատեսվել, կորոնավիրուսի կանխարգելման պատասխանատու չի եղել։

Մեծաթիվ աշխատողներ ունեցող կարի այս արտադրություններում կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելման նպատակով հաստատված նորմերի պահպանումը կարևորագույն նշանակություն ունի հանրային առողջապահական ռիսկերը կանխելու տեսանկյունից։ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *