Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերն արագանում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ նրա՝ վերջին 6 շաբաթում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է գրեթե կրկնակի։
«Հիվանդության գրեթե 16 միլիոն և մահվան ավելի քան 640 000 դեպքի մասին հայտարարություններ են ներկայացվել ԱՀԿ։ Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ»,-խոստովանել է Ղեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կհրավիրի՝ գնահատելու կորոնավիրուսային համավարակը:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը «փոխել է աշխարհը»։ Այն միավորել է մարդկանց և հասարակություններին, սակայն միևնույն ժամանակ նաև բաժանել է նրանց՝ «ցույց տալով, որ մարդիկ կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքել»։
«Շատ բան ենք սովորել և սովորելու շատ բան էլ ունենք»,- ընդգծել է Ղեբրեյեսուսը։
0 Մեկնաբանություն