Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տվյալներով վերջին 2 օրերերին մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության կտրուկ աճ՝ օրական միջինը 70 դեպքով: COVID 19-ի առաջին օրերից մինչ օրս մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3315 դեպք, որից 2580-ը առողջացած, 40-ը մահվան ելքով, այս պահին բուժում է ստանում 695 պացիենտ, որից 125-ը հոսպիտալացված, 570-ը ամբուլատոր պայմաններում: Կտրուկ աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցից փոխանցում են. 40 մահճակալով ծավալված ինֆեկցիոնում ազատ մահճակալներն այսօր կլրանան: Հիմնականում Վանաձորի բնակիչներն են՝ թոքաբորբ ախտորոշմամբ: Հիվանդները միջին ծանրության և ծանր առողջական վիճակում են, որոնցից 16-ը՝ թթվածնակախյալ:
Ինչպես են վանաձորցիները պահպանում հակահամաճարակային կանոնները. պարզելու համար շրջեցինք քաղաքի կենտրոնական հատվածներում: Անցորդների մեծ մասը դիմակ չէր կրում, կամ կրում էին ոչ ճիշտ, երբեմն էլ՝ որպես թևնոց, հարցվածների մեծ մասն էլ կրում էր հանուն զինվորի միայն:
Այն ինչ տեսագրեց ՙՄունետիկ՚ լրատվականի տեսախցիկը ևս մեկ անգամ փաստեց, որ նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվող օրական վարակվածության թվերը չեն սթափեցնում հասարակությանը. հոկտեմբերի 16-ի դրությամբ ունենք COVID 19 ով 1465 նոր դեպք, 422-ը՝ առողջացած: Այսօր ավելի քան երբևէ հարկավոր է կատարել հակահամաճարակային ցուցումները. կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը, քանի որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, որպեսզի զինվորն ու թիկունքը առողջ մնան:
0 Մեկնաբանություն