COVID19

Ունենք կորոնավիրուսից 194 վարակված. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն նոր  կորոնավիրուսի բռնկումը կանխելն  է, այլ ավելի շատ այն, որ չունենանք մահեր կամ լինեն նվազագույն մահեր,- 22-ի երեկոյան մարտի հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա նշանակում է, ըստ նրա,  որ մաքսիմալն  է պետք անել, որ ռիսկային գոտում  գտնվողները դուրս չգան տնից՝  թոշակն էլ տնից ստանան։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ  եթերում  ներկայացրել է, թե իրավիճակը որքան է անհանգստացնող։  Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել։

 Ըստ նրա՝ Էջմիածնի օջախին առնչվող դեպքերի ավելացումը կարողացել են կանխել, հիմա աշխատում են արտադրամասին առնչվող դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը  նաեւ  տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսով վարակակիրների վիճակը նորմալ է, չկան 80-ից բարձր տարիքի հիվանդներ, որը համարվում է ամենառիսկային խումբը։ 194  վարակակիրներից միայն 3-ն են 70-ից բարձր տարիքի։

14 հոգու մոտ է արձանագրվել թոքաբորբ։

Նա շեշտել է, որ դեռ  չկա մի երկիր, որ կարող էր ասել՝ պատրաստ էր կորոնավիրուսի դեմ պայքարին եւ չկա մեկը, որ կարող է ասել, թե երբ է հնարավոր դուրս գալ այս ճգնաժամից։

Իսկ տաք եղանակը ինչպե՞ս կազդի վիրուսի վրա․ վարչապետը ընդգծում է, որ սա եւս անորոշ է, բայց  հույս ունի, որ դրական կազդի։

Կառավարությունը 2 ուղղությամբ է աշխատում՝ մեկը առողջապահական, մյուսը՝ տնտեսական խնդիրը լուծելու։  Նա տեղեկացրել է, որ տնտեսական ոլորտին առնչվող մի քանի որոշում է կայացվել, որը կներկայացվի առաջիկա շաբաթում։

Վարչապետը նաեւ կարևորել է  գյուղատնտեսական ծրագրերին աջակցությունը։ Չի բացառել որոշ դեպքերում վարկերի տոկոսադրույքների զրոյականացումը։ Դա կվերաբերի հատկապես նրանց,ովքեր ունեն վարկային դրական պատմություն։  Վատ պատմություն ունեցողներին էլ առաջարկվում է միավորվել և ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ և կառավարությունից ստանալ մինչեւ 70 տոկոս ֆինանսավորում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բացատրել է՝  ինչու է խոսում գյուղատնտեսական ոլորտի մասին, քանի որ պարզ է՝  սննդի կարիք կա թե կորոնավիրուսի օրերին, թե դրանից հետո։ Դրանից բացի, Նիկոլ Փաշինյանի կարծիքով,  սա այն աշխատանքն է, որի ժամանակ հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը։

Ծրագրեր կան նաև նրանց համար, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը՝  նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով։

Կառավարությունը քննարկում է հարցը, որ հնարավոր է՝ այս ճգնաժամը երկար տևի  և լուծումներ է մշակում։

 Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *