COVID19

Սերբիան Հայաստանին կցուցաբերի մոտ 1 մլն. ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում առաջիկայում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Մի քանի օր առաջ առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը նշել էր, որ կրկին զրուցել է իր սերբ գործընկերոջ հետ: Վերջինս մանրամասն տեղեկացրել էր, թե ինչ քանակի և տեսակի օգնություն է պատրաստվում ուղարկել իր հայ ընկերոջը և, ի դեմս նրա, Հայաստանի բարեկամ ժողովրդին:

Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն 2 օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500.000 վիրահատական և 100.000 շնչառական դիմակներ, 25.000 պաշտպանիչ ակնոցներ, 25.000 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Սերբիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին և, հանձին նրա, բարեկամ սերբ ժողովրդին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ շարունակական ջերմ վերաբերմունքի համար:

ՀՀ նախագահի աշխատակազմ

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *