COVID19

Շնորհակալ եմ Աստծուն, որ էսքան ունեմ...

Լոռու մարզն իր բարենպաստ կլիմայական պայմաններով անասնապահության զարգացման կարևոր կենտրոններից մեկն է: Լոռեցիների համար անասնապահությունը ոչ միայն կենսամիջոց է, այլ նաև մշակույթի և ավանդույթի անբաժան մաս:

Ստեփանավան համայնքի բնակավայրերում ֆերմերային տնտեսությունները զարգանում են՝ դիմակայելով ժամանակի մարտահրավերներին:

Եվ ահա՝ Կաթնաղբյուր բնակավայր. փոքր, բայց կենսունակ մի համայնք, որտեղ յուրաքանչյուր առավոտ սկսվում է աշխատանքի ձայնով, իսկ յուրաքանչյուր օր՝ նոր հույսով: Այստեղ անասնապահությունը մարդկանց կյանքի անբաժանելի մասն է, նրանց պայքարը՝ հանուն արժանապատիվ ապրուստի: Այստեղ յուրաքանչյուր ֆերմերային տնտեսություն «պատմում է» իր սեփական հաջողության  և պայքարի մասին:

Ջոն Կիրակոսյանը վաղուց է զբաղվում անասնապահությամբ: Նրա ֆերմերային տնտեսությունում շուրջ 45 գլուխ խոշոր եղջերավոր կա:

«Սա իմ ֆերման է: Ի՞նչ ասեմ, շնորհակալ եմ Աստծուն, որ էսքան հնարավորություն ունեմ: Առաջ Աստված, ուզում եմ ծրագրերի մասնակցել, «խելացի» անասնաֆերմա ստեղծել: Առողջ լինենք, էսպես շարունակվի՝ ուզում եմ նաև տեսակի բարելավման համար սերմնավորման պետական ծրագրից օգտվել: Փորձում եմ ամեն տարի ավելացնել գլխաքանակը, նաև վաճառում եմ: Եկամոտ ունեմ նաև իրացումից»,– ասում է Ջոնը:

Ժամանակներ կային, որ կաթը ծանոթով էինք իրացնում

«Իննսնականներին մեծ դժվարությունների միջով ենք անցել,– պատմում է Ջոնը,– գումար չկար, գնողունակություն չկար: Ժամանակներ կային, որ կաթը ծանոթով էինք իրացնում, վերամշակողը մեզ լավություն էր անում, որ տանում էր: Գումարն ուշացնում էին... Բազում բարդություններ են եղել»:

Ժամանակները փոխվել են: Անասնապահությամբ զբաղվելը փոքր-ինչ հեշտացել է: Ֆերմերներն ավելացրել են խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Ջոնը դրական այլ միտումներ ևս տեսնում է. «Այս տարվա ընթացքում կաթի գնաճ է նկատվում: Շատ լավ կլիներ, որ ամառվա սեզոնին գինը պահպանվեր: Վերջին մեկ-երկու տարում մսի գինն էլ, ոչինչ, բարձրացել է: Ուղղակի խնդիրն այն է, որ արտադրողի ու վերամշակողի գների տարբերությունը շատ մեծ է՝ խանութի վաճառքի գնի համեմատ»:

Պետության գնային քաղաքականությունը

Ֆերմերը դրական փոփոխությունները ևս տեսնում է: Ասում է՝ երկար տարիներ այստեղ ցորեն չի ցանվել, բայց հիմա լավից-վատից ցանում են: Դրանով ոչ միայն հացամթերքի, այլև անասնակերի հարց է լուծվում: Իրացնելու խնդիր այսօր գրեթե չի տեսնում, ինչ վերաբերում է իրացման գնին, ասում է. «Արտադրողը խեղճ է մնում, նրա եկամուտն ավելի քիչ է, տանջանքը՝ շատ: Շատ կուզենայի, որ պետությունը գնային քաղաքականությունը հսկողության տակ պահեր: Պետական միջոցներով կառավարվող գործարաններ լինեին, որոնք մրցակից կդառնային այն անհատներին, որոնք ինչ-որ տեղ հնարավոր է՝ գերշահույթով են աշխատում: Ճիշտ է՝ որոշ «խելացի» անասնաֆերմաների տերեր կարողանում են համեմատաբար բարձր գնով կաթը վաճառել, բայց միջին վիճակագրական գյուղացին էդ հնարավորությունը չունի»:

Առաջարկ՝ ԱԺ պատգամավորության թեկնածուներին

Ջոն Կիրակոսյանը եռանդուն է ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլև հանրային կյանքում: Ստեփանավան համայնքի ավագանու անդամ է: Որպես ոլորտին քաջատեղյակ անհատ՝ համայնքային խնդիրների լուծման համաշարում ուշադրության կենտրոնում է պահում նաև գյուղատնտեսությանը վերաբերող խնդիրերը. «Պարարտանյութի հետ կապված` էս տարի գնաճի միտում եմ նկատում: Սսուբսիդավորման մասին խոսակցություն կա, կուզենայի, որ մի քիչ արագացվեր գործընթացը, իսկ ինչ վերաբերում է անասնապահությանը, ես կապի մեջ եմ նախարարի հետ: Կաթի գնի մասին վերջերս նրա հետ քննարկում եմ ունեցել: Պարոն Պապոյանը պատրաստակամություն հայտնեց գնային քաղաքականությանը հետևողական լինել: Իրենք տնտեսվարողներին օգնում են՝ դրա դիմաց միայն մեկ բան խնդրելով՝ կաթի գինը չիջեցնել: Իմ առաջարկն է հետևել գնային քաղաքականությանը, որպեսզի գյուղացին մի քիչ զգա էդ տարբերությունը»:

Անասնապահության ոլորտում առկա խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր լինել ֆերմերների համար: Կաթի մթերման ցածր գները,  շուկայում ձևավորված անհամաչափ գնային քաղաքականությունը նվազեցնում են ֆերմերների շահութաբերությունը՝ հաճախ անգամ չփակելով կատարված ծախսերը: Այս պայմաններում անասնապահությամբ զբաղվելը դառնում է ոչ միայն բարդ, այլև տնտեսապես ոչ գրավիչ: Իսկ ֆերմերների առաջարկը որոշում կայացնողներին հետյալն է. ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ձևավորել արդար, թափանցիկ շուկայական մեխանիզմներ, որոնք կապահովեն արտադրողի և սպառողի միջև հավասարակշռված հարաբերություններ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի պահպանել և զարգացնել անասնապահությունը՝ որպես գյուղատնտեսության կարևոր ճյուղ:

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *