Քաղաք

Ինձ չեն էլ կարող կանչել հարցաքննության. Վանաձորի նախկին քաղաքապետը ոստիկանությանը մեղադրում է օրենք չիմանալու մեջ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վանաձորում 2014-17 թվականներին փողոցների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների փաստով։

Իրավապահները պարզել են, որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1» ընկերությունները համայնքային բյուջեից 101 միլիոն դրամ են ստացել՝ «անորակ աշխատանքի» դիմաց։

Ոստիկանության ձեռք բերած տվյալներով՝ «համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք գնումների գործընթացի պահանջները ձևականորեն պահպանելու նպատակով 2016 թվականի ապրիլին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով՝ մոտ 70 միլիոն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը, որի հետ մեկ ամիս անց 84 միլիոն դրամի աշխատանքների պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում, առանց պատշաճ հիմնավորման, պայմանագրով նախատեսված աշխատանքների գինը համայնքի ղեկավարի կարգադրությամբ 17 միլիոն դրամով ավելացրել են»։

«Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2016 թվականին համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության ընդունել և շահագործման են հանձնել «Լոռու ճանշին»-ի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանությունը։

Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ակնհայտորեն ագրեսիվ էր։ Նա նախ մեզ հորդորեց մեր բոլոր հարցերը ուղղել ոստիկանությանը և անջատեց հեռախոսը։ Երկրորդ անգամ զանգահարելուց հետո նա պատասխանեց մեր մի քանի հարցի։

-Պարոն Դարբինյան, ինչպես կմեկնաբանեք ոստիկանության հաղորդագրությունը։ 

Փաստորեն,  Ձեզ կոնկրետ մեղադրանք է առաջադրվում։

– Եթե էդքան գործ արել են, թող հասցնեն գործողություններ կատարեն ու պարզեն, թե հլա էդ ինչ բաների վրա են հիմնվել, գործ հարուցել։

– Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունների միջոցով, փաստորեն, 101 միլիոն դրամ գումար է դուրս գրվել համայնքային բյուջեից անորակ աշխատանքի համար։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Հարցը ճիշտ տեղ չեք ուղղում։ Դրանք ոչ ինձ կանչել են, ոչ հարցադրում են արել։ Ես ամեն ինչից անտեղյակ եմ։ Հիմա, եթե այս պայմաններում գործ են հարուցել, թող իրենք էլ ապացուցեն։

– Պարոն Դարբինյան, ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ տարիներ շարունակ համայնքային բյուջեից անորակ աշխատանքի դիմաց 101 միլիոն դրամ գումար է դուրս գրվել։

– Դա իրենց՝ օրենքից անտեղյակ լինելու արդյուքում են նման հայտարարություն արել։ Եթե իրենք օրենքից տեղյակ լինեին, երբեք նման հայտարարություն չէին անի։

– Ուզում եք ասել, ոստիկանությո՞ւնը օրենքից տեղյակ չէ։

– Մեծ մասով տեղյակ չեն։

– Այդ դեպքում Դուք ասեք, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր պաշտոնավարման տարիներին, և ինչո՞ւ է Ձեզ փորձում, Ձեր ձևակերպմամբ, հանիրավի մեղադրել ոստիկանությունը։

– Դե հիմա իրենք են քրեական գործ հարուցել։ Երբ որ համապատասխան մարդկանց կհարցնեն, նրանք իրենց պատասխանները կտան, ու իրենք կտեսնեն, որ այս գործից անտեղյակ են։

– Դուք դեռ չե՞ք կանչվել հարցաքննության։

– Ոչ։ Ինձ չեն էլ կարող կանչել հարցաքննության։

– Ինչո՞ւ։ Այդ ի՞նչ առավելություն կամ արտոնություն ունեք Դուք։

– Որովհետև իմ մեղքն այդտեղ չկա։ Եվ ընդհանրապես այդտեղ մեղք էլ չկա։

– Ուզում եք ասել՝ աշխատանքը անորա՞կ չի եղել, թե՞ այդքան գումար դուրս չի գրվել անորակ աշխատանքի համար։

– Արդեն ավելորդ հարցեր եք տալիս։

– Հարցերն ավելորդ չեն, քանի որ Դուք, լինելով Վանաձորի քաղաքապետը, ճանապարհների նորոգման գնումների գործընթացի մասնակից եք դարձրել ձեր ընտանիքին պատկանող ընկերություններին, որոնք էլ հաղթող են ճանաչվել։

– Այո։ Ես այդ երկու ընկերություններում էլ՝  «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1»-ում սեփականատեր եմ, բայց ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան։ Իսկ եթե իրենք օրենք չգիտեն կամ ուզում են շոու անել, դա արդեն ուրիշ բան։

– Շահերի բախում չի՞ ստացվում, պարոն Դարբինյան։

– Ասեցի՝ շատ հարցեր եք տալիս։

– Եթե մեղադրանքներին համաձայն չեք, ապա, Ձեր կարծիքով, ի՞նչ պրոցես է գնում։ Ձեզ հետապնդո՞ւմ են։ Ինչի՞ հետ եք կապում այս քրեական գործը։

– Ես չեմ կարող ասել, երբ որ ամեն ինչ պարզվի, էդ վախտ ամեն ինչ կերևա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *