Loritv.am կայքում տպագրված «Կեղծվել և խեղաթյուրվել է դպրոցի պատմությունը…» դպրոցի նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանի նամակի շուրջ կրքերը չեն մարում: Օրերս փաստավավերագիր Գագիկ Քարհանյանն այցելեց «Լոռի» TV խմբագրություն և ասաց, որ Կարինե Ստեփանյանի մեր խմբագրությանն ուղղված նամակը թեև հերյուրանք է համարում, բայց չի պատրաստվում հերքմամբ հանդես գալ, պարզապես փորձում է մեզ համոզել, որ ինքը վատ բան չի արել, թեև չի հերքում, որ գրքի, թիվ 8 դպրոցի էջերից հեռացրել է այն վաստակաշատ ուսուցիչների լուսանկարները, ովքեր չեն վճարել 8000-ական դրամները: Նրանք այդ գումարը պիտի վճարեին էջում ¾ չափի լուսանկար ունենալու համար: Փոխարենը էջում տեղ են գտել դպրոցի մաքրուհիների, փոխարինող բուժքրոջ և փոխարինող համակարգչային օպերատորի լուսանկարները, քանի որ նրանք վճարել են:
Անդրադառնալով թանկարժեք գրքի ֆինանսավորմանը, (1 էջը՝ 57000 դրամ) Քարհանյանն ասաց, որ տպարանին պարտք է, վարկերի տակ է և պատրաստվում է նոր վարկ վարցնել, որպեսզի տպարանի պարտքը փակի: Մեր հարցին, թե չունենալով հովանավորներ, ի՞նչ իմաստ ունի այդ բիզնեսը, մանավանդ, որ այն չի արդարացնում ու դժգոհություններն էլ շատ են, Քարհանյանը պատասխանեց, որ դա բիզնես չէ, բարեգործություն է: Մեր պարզաբանող հարցին, թե եթե բիզնես չէ, ապա ինչո՞ւ է ինքն առևտրային հարաբերությունների մեջ մտնում մարդկանց հետ, գումար պահանջում՝ լուսանկար տեղադրելու համար, Քարհանյանը ոչինչ չպատասխանեց, միայն ասաց, որ դպրոցների մեծ մասը հրաժարվում են գնել գրքերը նախապես պայմանավորված քանակով և ինքը կասկածներ ունի, որ սա կազմակերպված է...
Այսօր դարձյալ մեր խմբագրություն դիմեց նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը և տեղեկացրեց, որ Քարհանյանը անձնական նամակներով դիմում է նախկին ուսուցիչներին, համոզում, որպեսզի վերջիններս հեռացնեն ֆեյսբուքում տեղադրված հոդվածի «լայքերը», միաժամանակ վատաբանելով նախկին տնօրենին, ներկայացնելով իրար հակասող պարտքի փաստեր:
Կարինե Ստեփանյանը մեզ տրամադրեց նախկին գործընկերներից ստացած նամակների լուսապատճենները:
Մենք պատրաստ ենք թեմայի շուրջ ներկայացնել նաև Գագիկ Քարհանյանի պարզաբանումները:
Նարինե Ավետիսյան
0 Մեկնաբանություն