ՄԱՐԶ

ՆՈՅԻ ԱՆՎԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Դիմաց թղամասի Ռուբեն Սևակի անվան զբոսայգում՝ այսուհետ նոր կյանք, նոր հետաքրքրություններ ու ժամանցի հնարավորություններ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացվել է Aid beyond Borders կազմակերպության և Նշան և Լիլիթ Օդաբաշյանների հովանավորությամբ կառուցված Նոյի անվան ներառական խաղահրապարակը: Խաղահրապարակի կառուցման նախաձեռնությունը Վանաձորցի մայրիկների «Ամենամամա» ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանն է: Նա երազանքն իրականացնելու ճանապարհին երկար ժամանակ է փնտրել ֆինանսավորման աղբյուրներ, մեկենասներ:

Aid beyond Borders կազմակերպության նախագահ, ամերիկաբնակ Լիլիա Շաքարյանը, ում օգնությամբ Լոռու մարզում արդեն շատ անապահով ընտանքիներ են ոտքի կանգնել, իմանալով Լիլիա Աբրահամյանի նախաձեռնության մասին, խնդրում է իրեն ուղարկել ցանկալի խաղասարքերի ու երազած խաղահրապարակի նախնական էսքիզը: Օրեր անց արդեն ստացվեց ուրախ լուրը, ԱՄՆ-ում ապրող Նշան և Լիլիթ Օդաբաշյանները, ում որդին՝ Նոյը, ունի մանկական ուղեղային կաթված, իմանալով, որ Վանաձորում իրենց որդու նման առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ հնարավորություն չունեն տարրական բակային ժամանց ունենալու, որոշեցին անմիջապես օգնել: Դիմաց թաղամասի այս այգին սպասարկում է 5 մեծ թաղամասերի, և քանի որ այս թաղամասում բավական շատ են հաշմանդամություն ունեցող փոքրիկները, ներառական խաղահրապարակը որոշվեց կառուցել այստեղ: 2 շաբաթում տարածքը հարթեցվեց, մաքրվեց հին խաղասարքերի մնացորդներից և Մագնոն Փլեյգրաունդից պատվիրված այս գունեղ խաղասարքերը եկան Վանաձոր: Այսօր արդեն երեխաները կկարողանան անվճար օգտվել խաղասարքերից ու ֆիթնես սարքավորումներից:

Միջոցառումը շարունակվեց պարգևատրության արարողությամբ: Այս աստվածահաճո գործի համար կողմերը պարգևատրվեցին շնորհակալագրերով, բակի մեծ ու փոքրի կողմից Նոյին նվեր Աստվածաշունչը վստահելի ձեռքերում է: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց խաղահրապարակի փոքրիկ պահապաններից այս գեղեցկուհուն, երեխաները անմիջապես շտապեցին փորձարկել խաղասարքերը: Օրը պատմական էր հատկապես նրանց համար, խաղահրապարակի բացմանը հաջորդեց անվճար պաղպաղակների հյուրասիրությունը, քաղցր բամբակ, փուչիկներ, գիպսե արձանիկների ներկում: Այս ամենը կազմակերպել էին Վանաձորցի մայրիկների «Ամենամամա» ակումբի անդամները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *