ՄԱՐԶ

Վանաձորի դպրոցների մանկավարժների բաց նամակը՝ Մանվել Գրիգորյանին

  Վանաձորի բոլոր դպրոցների տնօրենների և մանկավարժների կողմից ստորագրված բաց նամակը՝ ուղղված պատգամավորական անձեռնմխելիությունից այսօր զրկված և հասարակական դատաստանի արժանացած Մանվել Գրիգորյանին։

 «Վանաձորի հանրակրթական դպրոցների տնօրենները և մանկավարժական կոլեկտիվները դատապարտում են.

Գեներա՛լ, չգիտեմ՝ ինչ կաթով է սնել մայրդ, բայց գիտեմ հաստատ, որ ուզածը քեզ նման զավակը չէր:
Գեներա՛լ, չգիտեմ՝ ո՞վ էր քեզ ներշնչել, թե հաղթողին չեն դատում: Հիմա ո՞վ է հավատում, որ հաղթանակներ ունես, ու քեզ դատում են բոլորը՝ մեծից փոքր: Արցախի հերոս, պատվավոր այս կոչումը ոչ մի կապ չունի քեզ հետ, դու ընդամենը ժողովրդի թշնամի ես, ու քեզ նմաններին գնդակահարում էին: 
Իմացի՛ր, մահն անգամ քեզ չի փրկի:
Քանի՜-քանի՜ զինվորի առջև ես կանգնել քո ցինիկ հպարտությամբ, ինքդ քեզնից պատիվ առած: Քո՞ առջև են երդվել 18-ամյա, քեզնից արժանավոր, քեզնից կարևոր բեղ-մորուսները նոր բուսած պատանիներն ու զինվորական երդում տվել:
Ի՜նչ իմանային այդ ազնիվ, կուրծքները թշնամու գնդակին դեմ տված տղաները, որ իրենց առջև կանգնած գեներալը իրենց սնունդը, հագուստը, զենքը, տեխնիկան գողացող մի շարքային ստահակ է:
Անաստվա՛ծ, քո անհագ որկորին անգամ «Շտապ օգնության» մեքենա՞ էր հարկավոր...
Բոլորին թուրք էիր անվանում, ով կփորձեր քեզ չհավատալ:
Դու թուրք էլ չես, քո տեսակը դեռ պիտի ուսումնասիրվի: Արածդ աշխարհի ողջ հայությանը ցնցեց, ուշքի գալ չի լինում:
Դու, անսիրտ, հրեշավոր մարդ, գոնե մի դպրոցականի նամակ կարդացի՞ր, աչքդ չընկա՞վ «Իմ քաջ զինվոր» վերտառությանը, թե՞ ագահությունից կուրացել էին աչքերդ, անպատժելիությունը բռնել էր անկուշտ հոգիդ: 
Դու այդ դպրոցականների մաքուր հավատն ես սասանել, նրանց երազկոտ, խանդավառ հայացքների լույսն ես բեկանել: Հերոս են կոչել քեզ, բայց դու ի՞նչ հերոս ես, հերոսը Իգոր Մուրադյանն էր, որ մեռավ աղքատության մեջ:
Վանաձորի հանրակրթական դպրոցների տնօրենները, մանկավարժական կոլեկտիվները դատապարտում են անուն չունեցող արարքդ. ամոթիդ խարանը շա՜տ ծանր է:
Եռաբլուրի քարերից հույս, հավատ ներշնչող անմեղ զոհերի արդար արյունը հավիտենական նզովք է քո պիղծ անվանը, գեներալ Մանվել Գրիգորյան:

Վանաձորի բոլոր դպրոցների տնօրենները և մանկավարժները ստորագրում են»

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *