ՄԱՐԶ

Վանաձորի Հայքի հրապարակը՝ ավտոկայանատեղի, շուկա կամ շինհրապարակ

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խ,բակցության անդամ Վահե Կռոյանն էիր ֆեյսբուքյան էջում գրում է.

-

Արդեն տևական ժամանակ է, ինչ Վանաձորի Հայքի հրապարակը կարելի է դիտարկել որպես ավտոկայանատեղի, շուկա, կամ ինչու չէ նաև շինհրապարակ, բայց ոչ ՀՀ 3-րդ քաղաքի գլխավոր հրապարակ։ Եթե վերջինի դեպքում խնդիրը կրում է ժամանակավոր բնույթ (ամեն դեպքում մեզ հավաստիացնում են, որ կարճ ժամկետներում հարցը կլուծվի, բայց․․․), ապա ավտոկայանատեղիի և շուկայի վերածելու հարցում խնդիրն արմատական է։
Հրապարակի հարակից տարածքում օրեցօր ավելանում են հրապարակին շուկայի տեսք հաղորդող առևտրային տաղավարները։ Ավելին՝ այդ նույն տարածքում, չենթարկվելով օրենքի կարգավորումներին և կայանելն արգելող հորդորներին, քաղաքացիները շարունակում են կայանել ավտոմեքենաներ։ Նշենք նաև, որ բացի ավտոկայանատեղի լինելը, հրապարակը ծառայում է որպես ավտոսպորտի սիրահարների համար յուրօրինակ <<մրցակցային հարթակ>>։ Այս բոլոր խնդիրների մասին բազմիցս տեղեկացվել են պատկան մարմինները, սակայն, ինչպես տեսնում ենք, ամիսներ շարունակ խնդիրը չի կարգավորվում։
Իհարկե, խնդիրը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից․
 Առաջինը քաղաքացիների անտարբերությունն է սեփական քաղաքի հրապարակի նկատմամբ, այն որպես քաղաքի գլխավոր մաս սիրելու և փայփայելու փոխարեն որպես շուկա կամ ավտոկայանատեղի օգտագործելը։
 Երկրորդ խնդիրը, որի չեզոքացմամբ հնարավոր կլիներ չեզոքացնել նաև առաջին խնդիրը, պատկան մարմինների ոչ կոմպետենտ մոտեցումն է հարցին, խնդրի կոծկումը անհիմն պատճառաբանություններով, ինչպես նաև անգործությունը։ Այս պարագայում քաղաքացիների վարքագիծը կարելի է ինչ-որ տեղ արդարացված համարել։
 Երրորդ խնդիրը քաղաքաշինության ոլորտում չկիրառվող օրենսդրական կարգավորումներն են կամ դրանց իսպառ բացակայությունը։ Առանց հստակ և կիրառելի օրենսդրական կարգավորումների անհնար է հասնել ցանկալի արդյունքի։ Ինչպես նաև շատ կարևոր հանգամանք է ոչ միայն համապատասխան օրենքի դրույթների սահմանումը, այլ նաև հետագայում դրանց կիրառման համար իրականացվելիք պատշաճ վերահսկողությունը։
Որպես Վանաձոր համայնքի ավագանու անդամ և որպես իմ քաղաքը անչափ սիրող քաղաքացի՝ հորդորում եմ մեր քաղաքացիներին և քաղաքային իշխանություններին համախմբվել մեկ գաղափարի շուրջ, այն է՝ Հայքի հրապարակին վերադարձնել քաղաքի սիրտը համարվելու իր իրավունքը, խնդիրը բոլորինս է, հետևաբար, մեր բոլորիս պարտքն է անձնական պատասխանատվություն ստանձնել խնդրի նկատմամբ։ Որպես քաղաքացիների պատվիրակ նաև ի՛մ պարտքն եմ համարում ներդնել ողջ ներուժս խնդրի լուծման համար։ Ակնկալում եմ, որ իրենց քաղաքի նկատմամբ հոգատար վերաբերմունք ունեցող քաղաքացիները կմիանան այս նախաձեռնությանը։

Շնորհակալություն

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *