Սոցիալական

Իշխանությունը կասկած ունի, որ «Սանիտեկ»_ը կարող է կապված լինել Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է

Փաստորեն, իշխանությունն ունի կասկած, որ լիբանանյան «Սանիտեկ» ընկերությունը որոշ թելերով կարող է կապված լինել Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ։ Մասնավորապես, խոսք կարող է գնալ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցվածության մասին։ Ինչպես գիտենք, նա մշտապես ջերմ կապեր է ունեցել Լիբանանի քաղաքական վերնախավի հետ ու այսօր էլ, գտնվելով քրեական հետապնդման մեջ, ապրում է այդ երկրում։

Պարզից էլ պարզ է, որ «Սանիտեկ» ընկերությունը նախորդ իշխանության աչքի լույսն է եղել։ Չի կատարել պայմանագրային պարտավորությունները, օրինակ՝ պայմանագրով նախատեսվածից քիչ աղբամաններ են գործի մեջ դրվել, ու մետաղյայի փոխարեն եղել են պլաստմասե, բայց զարմանալիորեն Տարոն Մարգարյանը չի նկատել սա։ Իսկ միգուցե նկատել է ու շահագրգռված է եղել «չնկատել»։

Նիկոլ Փաշինյանը այսօրվա լայվում ակնարկեց, որ որոշները, ում հաշիվները կալանքի տակ են, հավանաբար փողի կարիք ունեն... Սա ասվեց «Սանիտեկի» վատ աշխատանքի և հավելյալ փող պահանջելու համատեքստում։ Ես ինչքան հասկացա՝ կոռուպցիոն պատմության մեջ հայտնված Լևոն Սարգսյանին նկատի ուներ վարչապետը՝ խոսքի մեջ օգտագործելով՝ «Բադեն Բադեն, կազինո»...

Ի՞նչ է պահանջում այսօր «Սանիտեկը» քաղաքապետարանից՝ ավելի շատ փող, ներդրում, քան պայմանագրով նախատեսված է։ Ու մյուս կողմից աղբահանությունը չի իրականացնում, և կարող է կարծիք լինել, որ գործում է շանտաժի տրամաբանությունը։ Մինչև փողը չշատացնեք, չենք մաքրի։

Միաժամանակ, քաղաքապետարանի դեմ ակցիաների մասնակիցների շարքում երևում են Սերժ Սարգսյանի առաջ ծնկի եկած որոշ դեմքեր։ Թե նրանք ինչ են փնտրում այս պատմության մեջ, իրենք գիտեն, բայց չի բացառվում համատեղ աշխատանքը «Սանիտեկի» հետ, որի միակ հույսը քաղաքապետարանի դեմ մեծ ճնշումն է և հավելյալ փող պոկելը։ Ճնշում է «Սանիտեկ», ճնշում են... 

Այս վարկածը կարող է հիմնավորվել «Սանիտեկ» ընկերության ղեկավարի անբացատրելի, խուճապային վարքագծով, մարդ, որը «քաղաքական ապաստան» է գտել Վրաստանում։ Երբ ծովը դեռ խաղաղ էր (ենթադրաբար՝ մայիսին) նա հեռացել էր Հայաստանից։

Հարց՝ եթե այս ամենում չկա քաղաքական տարր, եթե «Սանիտեկը» քաղաքական շրջանակի չի պատկանում, ինչո՞ւ էր ընկերության ղեկավարը շտապում հայտարարել հետապնդումների մասին։ Բարեխիղճ աշխատող կազմակերպությունը, որ հարկերը պարտաճանաչ վճարում է, պայմանագրային պարտավորությունները կատարում է, ինչո՞ւ պետք է վախենա իր ապագայով։

Միգուցե առկա են դեռ չբացահայտված ծալքեր, որոնց մոտալուտ բացահայտումն է «Սանիտեկի» ղեկավարին դուրս տարել Հայաստանից։ Իսկ այդ չբացահայտված ծալքերը, վախենամ, պայմանավորված լինեն լիբանանյան քամիների տատանումներով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *