Տեսանյութը «Տեղական քաղաքականություն» ծրագրի ազդեցության ու հաջողությունների մասին է: Շուրջ 10 երկար ու ձիգ ամիսներ, 10-յակ ժամեր՝ եթերում, համացանցում ու սոցիալական մեդիայում: «Տեղական քաղաքականություն» հաղորդաշարը պատմեց Լոռու մարզի համայնքներում տեղական քաղաքականության մասնակիցների մասին: Խոշորացված համայնքներում, թե մարզկենտրոն Վանաձորում՝ մեզ հետաքրքիր էր համայնքային անցուդարձը, մենք սովորեցրեցինք մարդկանց լինել պահանջատեր՝ եթե կան մտահոգող հարցեր, հետաքրքրվել համայնքի ավագանու գործունեությամբ ու դառնալ համայնքի կառավարման մասնակիցը: Փորձեցինք պարզել՝ ի՞նչ է փոխվել Լոռու մարզի Թումանյան փնջի Աթան, Մարց, Ահնիձոր, Քարիջ, Շամուտ, Լորուտ և Թումանյան համայնքներում՝ 2016-ի խոշորացումից հետո, արդարացե՞լ են արդյոք մարդկանց հույսերը: «Տեղական քաղաքականություն» ծրագիրը նաև կապող օղակ դարձավ համայնքների բնակիչների, խոշորացված փնջի ավագանու և ղեկավարի միջև: Ծրագրի 1-ին փուլի ամենամեծ հաջողումներից էր, թերևս, այն, որ մարդիկ բարձրաձայնում էին ոչ միայն առօրյա հոգսերը, այլև փնջի մեջ մտնող գյուղերի դպրոցների միավորման մասին իրենց մտահոգությունները: Մենք փոխանցեցինք խնդիրը խոշորացված համայնքի ղեկավարին ու արդյունքում՝ այժմ քննարկվում է ոչ թե դպրոցների միավորման, այլ տիպային երկկոմպլեկտ դպրոցներ բացելու տարբերակը: «Տեղական քաղաքականություն» ծրագրի ընթացքում արձանագրված, ամենահաջողված օրինակը, թերևս, «Լոռի» մեդիա-սրահում սկիզբ առած քաղաքացիական նախաձեռնությունն էր՝ Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ քննարկմանը: Հարցը վերաբերվում էր տնակների բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքների տրամադրմանը: Փետրվարից սկսած՝ գրեթե 2 ամիս նախաձեռնող խումբը, որ կոչվում էր «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» իրականացրեց ուսումնասիրություններ տնակներում բնակվողների վերաբերյալ՝ կազմակերպելով ստորագրահավաք, որին միացան շուրջ 1000 վանաձորցիներ: Ի վերջո, այս մասին հարցը մտավ ավագանու օրակարգ: Ընդ որում՝ Վանաձորի ավագանու նիստին արձանագրվեց աննախադեպ փաստ: Նախաձեռնության անդամների հետ նիստի էին գնացել նաև տնակների բնակիչները: Որոշվեց ձևավորել հանձնաժողով՝ բաղկացած նախաձեռնող խմբի, ավագանու բոլոր 5 խմբակցությունների անդամներից և քաղհասարակության ներկայացուցիչներից: Հետհեղափոխական նիստին տնակների բնակիչները դարձյալ ներկա էին՝ հանձնաժողովի ձևավորման ժամկետների մասին հստակ պահանջով: Պահանջատիրության արդյունքում, ի վերջո, հանձնաժողովը ձևավորվեց՝ Վանաձորի համաքապետի գլխավորությամբ: Այժմ ընթացքի մեջ են քաղաքացիներից դիմումների հավաքագրման ու տնակների բնակիչների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները: Ի դեպ, հանձնաժողովի կազմում գտնվող նախաձեռնող խմբի անդամները նաև բազմաթիվ բացահայտումներ են արել՝ տնակներում չբնակվող անձանց մասին: Առաջիկայում նախաձեռնող խումբը նաև մամլո ասուլիսով է հանդես գալու: «Լոռի» հեռուստաընկերությունն արդեն «Տեղական քաղաքականություն» ծրագրից դուրս՝ շարունակելու է լուսաբանել իր հաջողության պատմության շարունակությունը: Տեսանյութի պատրաստումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն