«Էկոմոտիվ Գարդենի» հիմնադիր Լուսինե Տոնոյանը երևանցի է, թողել է մայրաքաղաքն ու եկել նախկինում անծանոթ մի գյուղ՝ Մարգահովիտ, որտեղ զբաղվում է առանց քիմիկատների մշակաբույսերի աճեցմամբ:
Ի՞նչը դրդեց Երևանից տեղափոխվել գյուղ
-Հիմնական մոտիվացիան այն է, որ լիքը լավ բան սկսվում է ինչ-որ խնդրից: Շատ բիզնեսներ հենց դրանից էլ սկսվել են, երբ մարդն ինչ-որ խնդիր է ֆիքսում և դրա շուրջ ձևավորվում է ինչ-որ նորարար գաղափար: Ես ագրոբիզնեսի ոլորտից եմ մասնագիտությամբ, և երբ ինչ-որ շրջանում ես զբաղվում էի տարբեր ուտելի սննդաբույսերի աճեցման դասընթացների, վերապատրաստվում էի տարբեր գյուղատնտեսական ուղղվածություններում՝ հստակ հասկացա, թե որտեղից է գալիս քաղաքում ապրողներիս սնունդը, ի՞նչ ենք մենք ուտում, ի՞նչ ծագման ուտելիք, ի՞նչ էթիկայով է այն աճեցվում և հենց այդ ժամանակ շատ հստակ ցանկություն առաջացավ աճեցնելու իմ սնունդը: Սկսեցի քաղաքային պայմաններում աճեցնել լոլիկ և տարբեր մշակաբույսեր: Միաժամանակ շատ արշավների էի գնում և եկավ պահ, երբ հասկացա, որ քաղաքն ինձ բավարար չէ ապրելու, իմ սնունդն աճեցնելու համար, և այդպես կամաց-կամաց տեղափոխվեցի Լոռու մարզի Մարգահովիտ գյուղ: Սկզբում սկսեցի փոքրածավալ ինչ-որ բաներ աճեցնել՝ ընտանիքի, ընկերների հետ կիսվելու համար: Անցած տարի արդեն սկսեցի ավելի մեծածավալ անել և արդեն ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնել:
Փորձարկումները դրական արդյունք տվեցին
Ես իմ տեսակով շատ փորձարկող, արկածային մարդ եմ և ինձ հետաքրքիր էր հասականալ, օրինակ, շատ ջերմասեր մշակաբույսեր, որոնք բացառված է, որ այստեղ կաճեն, կամ Հայաստանին անծանոթ մշակաբույսեր ինչպե՞ս կարելի է աճեցնել: Շատ բաներ արել եմ կրթվելով, նայելով, կարդալով ոլորտի փորձագետներին, բայց շատ բաներ էլ արել եմ ինտուիտիվ, ինքնս ինձ փորձելու հնարավորություն տալով, վստահելով բնությանը, իմ ինտուիցիային և գիտելիքներին: Եվ բավականին լավ ստացվեց:
Փորձարկումներից դեպի բիզնես նախաձեռնություն
Քանի որ իմ նախատեսածից ավելին էր բերքը, իսկ ընտանիքի ու ընկերների համար նախատեսվածից շատ էր՝ արագ անցում արեցի դեպի բիզնես նախաձեռնություն: Քանի որ գյուղատնտեսության ոլորտում արդեն ճանաչված էի, որոշակի համբավ ունեի, Երևանում կանաչապատման կազմակերպություն ունեի, այսինքն ունի մարդկանց խումբ, որոնք ինձ վստահում էին, իմ տարաբնույթ կանաչ նախաձեռնություններին աջակցում էին՝ այս նախաձեռնության ժամանակ էլ հայտարարեցի, որ ես զրո քիմիկատով աճեցրած մշակաբույսերի վաճառքով եմ նաև զբաղվում: Արդյունքում ընդհանրապես խնդիր չունեցա սպառման, գների սակարկման հարցում:
Մի խնդիր եմ նաև ֆիքսել, որ մարդիկ վաճառողին վստահելու խնդիր ունեն և կարևոր է, որ իմանան ում կարող են վճարել և վստահել, որ իրենց մաքուր ծագման սնունդ կմատակարարի: Եվ ստացվեց, որ անցյալ տարվա իմ բերքն ավելի քիչ էր, քան՝ պահանջարկը:
Բերքհավաքի մոտիվացիա
Բացի մշակաբույսերի աճեցումից և վաճառքից ես խրախուսում եմ, որ մարդիկ երեխաների հետ գան և այստեղ տեղում բերքահավաք անեն, որովհետև շատ երեխաներ կարծում են, որ իրենց սնունդը սուպերմարկետերում է աճում:
Թեմատիկ միջոցառումներ
Կազմակերպում ենք նաև թեմատիկ միջոցառումներ բերքահավաքի և գյուղատնտեսության շուրջ, ինչպես նաև զույգերի համար ռոմանտիկ հանդիպումներ հենց մեր այգում, ամեն բան կապելով գյուղատնտեսության հետ:
Դժվարությունները, մոտիվացիան և բիզնեսը
Բիզնեսով զբաղվելն արդեն իսկ բարդ գործ է, իսկ երբ հողագործությունն ու բիզնեսը իրար են միանում՝ կրկնակի դժվար է դառնում և իմ անձնական մոտիվացիան կիրքն է, սերն է այս ոլորտի նկատմամբ, ես շատ եմ սիրում հողի հետ աշխատել, ես հավատում եմ, որ արժեքավոր գործ եմ անում և որոշումս հստակ է, մնալ ոլորտում փոփոխություններ բերել՝ անկախ բոլոր դժվարություններից:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն