Այրում բնակավայրում գործող «Գրին Քեմփ-սոցիալական ձեռնարկատիրության համակարգող» Գևորգ Ասլանյանը գտնում է, որ տարածաշրջանը կարող է զարգանալ ոչ միայն հանքարդյունաբերության ուղղությամբ, այլ նաև տուրիզմով: Ընտրել են տուրիզմը, որովհետև այն տարածաշրջանում զարգացում է ապրում և փոքր բնակավայրերում զբաղվածության խնդիրը կարող է լուծվել միայն զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը զարգացնելով: Գևոորգը պատմում է էկոմիջավայրի և էքստրեմալ տուրիզմի զարգացման վրա ջրհեղեղի ազդեցության մասին: Նա կարևորում է ոչ ֆորմալ կրթությունը և կամավորությունը երիտասարդերի կյանքում:
Շրջակա միջավայրը առողջ ապրելակերպի գրավական
-Լոռվա տարածաշրջանի բնությունը գեղեցիկ է: Ունենք 100-ից ավելի տարբեր տեսակի ծառատեսակներ, որոնց մեծ մասը բերքատու են, ունենք բազմապիսի խոտաբույսեր, որոնք շատ օգտակար են, տեղացիները գիտեն այդ մասին և օգտագործում են: Հիշում եմ, երբ 90-ականներին սննդի ու ապրելու խնդիր կար, խմբերով բարձրանում էինք սարը, մոշ էինք հավաքում և այդ ճանապարհն անցնող մարդիկ շատ ավելի առողջ էին, ավելի եռանդուն: Հիմա բոլորը մեքենաներ ունեն, չեն քայլում, կտրված են բնությունից, առողջ միաջավայրից, ու հիմնականումա հիմա մարդիկ ավելի գեր են, քան՝ 90-ականներին: Շատերը կարծում են, որ քիչ կամ վատ սննունդն է եղել պատճառը, բայց դա այդպես չէ, պարզապես այն տարիներին մարդիկ ավելի ներդաշնակ են եղել բնության հետ:
Ալավերդու օդի աղտոտվածությունը նվազել է
-Հետազզոտությունները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը նվազել է: Երբ 90-ականներին աշխատում էր Ալավերդու պղնձամետալուրգիական գործարանը, հիշում եմ, երբ արշավների ժամանակ սարերից նայում էի՝ Ալավերդու վրա կար սև ամպի փոշի, այն ժամանակ չէի հասկանում դա ինչ էր, կարծես թե օրն ամպամած չէր, բայց Ալավերդու գլխին միշտ սև ամպ էր կուտակված: Իսկ երբ 2018 թ. գործարանը փակվեց, էլի սարերով շրջելիս նույն դիտակետից նայեցի ու ինձ համար բացահայտվեց մի ուրիշ քաղաք, արդեն ոչ թե սև ամպեր էին, այլ՝ կապույտ երկինք, որի միջով սպիտակ ամպեր էին անցնում: Սա նշանակում է, որ քաղաքը կարող է զարգանալ այլ ուղղությամբ, իսկ հանքարդյունաբերությունը հավերժ չէ, մի օր կվերջանա: Մենք պիտի անենք այն, ինչը ներդաշնակ է բնության հետ, հետևաբար նաև օգտակար մեր առողջությանը:
Ջրհեղեղի ազդեցությունը էկոմիջավայրի և տուրիզմի զարգացման վրա
-Ես նաև գիդ-ուղեկցորդ եմ և մինչ ջրհեղեղը մենք ունեինք տարբեր ուղղություններով զբոսաշրջային պատվերներ, սակայն աղետից հետո դրանք բոլորը չեղարկվեցին, որովհետև տարածաշրջանը համարվեց աղետի գոտի: Ունենք խնդիրներ, օրինակ, Օձունից Քոբայր տանող արահետը սելավների պատճառով ամբողջությամբ վնասված է, հետո՝ դեպի Ախթալա տանող ճանապարհը ևս վնասված է, հետևաբար այս ուղղություններով զբոսաշրջիկները այս տարի չեկան, ասել կուզի՝ ամբողջությամբ կաթվածահար եղավ զբոսաշրջությունը: «Գրին Փեմփի» բազմաթիվ պատվերներ չեղյալ հայտարարվեցին: Հիմա կան այլընտրանքային ճնապարհներ և մենք զբոսաշրջային ընկրություններին սոցցանցերի միջոցով տեղեկացնում ենք, որ կարող են այս ուղղությամբ վերականգնել պատվերները:
Աղետը շատ լուրջ վնասներ է հասցրել նաև տուրիզիմի էքստրեմալ ուղղություններից մեկին՝ ռաֆտինգին: Այն պետք է սկսված լիներ մայիսից և իր հունով գնար մինչև սեպտեմբերի վերջ: Վարարումներից գետի հունը որոշ հատվածներում փոխվել է, որոշ հատվածներում քարեր է բերել ու դարձրել դժվարանցանելի ռաֆտերի համար:
Ոչ ֆորմալ կրթությունը և կամավորությունը
Ամենամեծ խնդիրը մեզ մոտ՝ կրթության խնդիրն է, նկատի չունեմ դպրոցական պարտադիր կրթական ծրագրերը: Մենք ունենք մի շարք ուղղություններ, որոնց մասին երիտասարդները պետք է տեղեկանան, պատրաստվեն կյանքին: Օրինակ, կամավորությունը շատ մեծ պոտենցիալ ունի: Հայաստանում շատերը կարծում են, որ կամավորություն անելը՝ անվճար աշխատանք կատարելն է: Դա ամենևին էլ այդպես չէ, այդ աշխատանքի միջոցով մարդը գիտելիք ու փորձ է ստանում, որը հետագայում կարող է կիրառել կյանքում: Շատ եմ տեսել մարդկանց, ովքեր համալսարանական գերազանց կրթությամբ կարտոֆիլ են վաճառում, դա հենց այն է, որ մարդը բացի ֆորմալ կրթությունից պետք է տիրապետի հմտությունների, կարողություններ ձեռք բերի կյանքի տարբեր իրավիճակների համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն