Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
Հարգելի Վանաձորցիներ, Լոռեցիներ, Ընկերներ,
մեծ սիրով ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ 2020 թ. ընթացքում «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում՝ «Ամալյա Կարապետյանի անվան կանանց առողջության կենտրոն»-ում գրանցվել է՝ 1479 ծնունդ, ինչը 264 ծնունդով ավել է 2019թ. ծնունդների թվից և 487 ծնունդով ավել է 2018թ. ծնունդների թվից:
2020թ. – 1479 ծնունդ,
2019թ. – 1215 ծնունդ,
2018թ. - 992 ծնունդ,
Հիշեցնեմ, որ ներկայում «Ծննդօգնության» ծառայության համար տրամադրված պետական պատվերի բյուջեն չունի որևէ քանակային սահմանափակում, նախատեսված ծննդօգնության գումարները Պետության կողմից տրամադրվում են ամբողջությամբ և ժամանակին, ինչը բերում է մատուցվող ծառայությունների որակի, հասանելիության, օրինականության և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև մարզային առողջապահության զարգացմանը։
Ավելացնեմ, որ «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում այժմ 99.9% բացակայում է ցանկացած տիպի ստվերային դրամաշրջանառությունը, դրամաշորթությունը, խարդախությունները, կաշառակերությունը և ցանկացած ֆինանսական գործողություն իրականացվում է բացարձակապես գործող օրենսդրության շրջանակներում և «սպիտակ դրամարկղի» սկզբունքով:
Հիշեցնեմ նաև որ մեր մոտ այս պահին չկան վճարովի հիվանդասենյակներ, բոլոր հիվանդասենյակները բարձր մակարդակի և որակի վերանորոգված են, հագեցված և կահավորված են, ջեռուցվում են, մաքուր են, ապահովված են տաք և սառը ջրով։ Իսկ ցանկացած մեր ծննդկանին և նորածին երեխային կսպասարկի և կբուժի բարձր մասնագիտական մակարդակի, արհեստավարժ, հոգատար և սրտացավ թիմ:
Շնորհակալություն, առողջ, խաղաղ և անփորձանք եղեք։
0 Մեկնաբանություն