2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձորի 49-ամյա բնակչի կողմից միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Քննության ընթացքում 55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0 Մեկնաբանություն