Մունետիկ

Ամեն սադրանքի դիմում է. Մարտի 1-ի զոհերի հարազատները պնդում են՝ փոխհատուցումը պետք է լինի ոչ թե պետբյուջեից, այլ Քոչարյանի գրպանից

Պատգամավորներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել «2008թ. մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծ։ Մարտի մեկի զոհերի հարազատներն այս նախաձեռնությունը ուշացած են համարում, բայց ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ ընդհանրապես այս տարիներին այդ մասին չի էլ մտածել: «Ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք։ Ես բոլորովին այդ մասին չէի մտածել»,- ասաց նա։

«Երբ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ Մարտի մեկի զոհերի հարազատները վաղուց կարող էին դիմել դատարան՝ փոխհատուցում ստանալու պահանջով, բայց ներողություն, հարազատնե՞րը պետք է դիմեին, չէ՞ր կարող իր նախաձեռնությամբ անել… այդ ո՞նց է ստացվում, որ իրենք կարողացան խանութների վնասված ապակիների, ջարդված մեքենաների համար փոխհատուցել, բայց ծնողների մասին չմտածեցին»,- հավելեց տիկին Ռուզաննան։

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «2008-ի մարտի մեկին իշխանությունը ջարդված մեքենաների, խանութների համար 680 միլիոն դրամի փոխհատուցում տվեց, բայց մեզ՝ որպես տուժողի իրավահաջորդի, որևէ լումա չտվեց։ Հիմա տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, նոր իշխանություն է եկել. Լենա Նազարյանը մեկնաբանեց, որ սա կապ չունի դատական համակարգի հետ, իսկ իշխանությունը պարտավոր է փոխհատուցում տալ զոհերի հարազատներին, ինչու չէ՝ նաև նրանց, ովքեր տուժել են, ձերբակալվել են։ Այն ժամանակ, մինչդեռ, մեզ որակում էին երկրի ահաբեկիչներ, թշնամիներ։ Ես կուզեի նաև, որ այդ փոխհատուցումը լիներ ոչ թե պետբյուջեից, այլ Քոչարյանի գրպանից։

Սարգիս Քլոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ լինելը իրենց համար շարունակում է մտահոգիչ լինել. «Նա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ճիշտ է, մի անգամ ես ասել եմ, որ նա սատանա է, նրանից ամեն ինչ սպասելի է, բայց հիմա համոզված եմ, որ նա իրենից ոչինչ չի ներկայացնում, և նրան շուտով կձերբակալեն։ Տուժողի իրավահաջորդների անունից փաստաբան Վահե Գրիգորյանը Վճռաբեկ դատարան է մտնում։ Երկու կողմից վճռաբեկ դատարանի վրա ճնշում կգործադրվի, և ես համոզված եմ, որ արդար վճիռ կկայացնեն»։

Ազատության մեջ, նրա խոսքով, Քոչարյանը քայլեր կանի և արդեն անում է. «Նա արդեն քայլեր է անում, դիմել է անգամ ՌԴ դեսպանատուն, նա ամեն սադրանքների դիմում է, Հովիկ Աբրահամյանի կողմից բնակիչների ջուրն է կտրել, որ գան կառավարության դիմաց բողոքեն»։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլը Մարտի մեկի գործի ամբողջական բացահայտումն է, մեղավորներին պատժելը, քանի որ Մարտի մեկի տուժածներից մեկն էլ եղել է հենց Նիկոլ Փաշինյանը: «Համոզված եմ՝ ամեն ինչ նորմալ է լինելու, գործը բացահայտվելու է, մեղավորներն էլ պատժվելու են»,- ասաց Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը պետք է հաջորդի մյուս մեղավորների ձերբակալությունը՝ Սերժ Սարգսյան, Միքայել Հարությունյան, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյան, Վահագն Հարությունյան. «Բոլոր, բոլոր մեղավորները, ովքեր մասնակից են եղել շտաբի նիստին, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *