Մունետիկ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉԹԱՔՑՆԵԼ ՈՒ ՉԼՌԵՑՆԵԼ ԽՆԴԻՐԸ . ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Կյանքում հաջողության հասնելու և սեփական ուժերը լիարժեք գնահատելու համար սիրում եմ անցնել դժվարությունների միջով, օգտագործել իմ բոլոր ունակությունները և նպատակի վերջում թեթևացած շունչ քաշել ու ամբողջ հոգով վայելել հաղթության բերկրանքը:

Ունենալով հաշմանդամություն, բարձր գնահատելով ուսման արժեքն ու հատկապես ընդգծելով կյանքով լեցուն մարդկային իր կերպը Հասմիկ Մխիթարյանը Վանաձորի պետական համալսարանի ռուսական բաժնում ուսումնառելուն զուգահեռ մասնակցության վստահ հայտ է ներկայացնում  EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տեղեկատվության տրամադրման և ուղղորդման համակարգողի պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Ամեն ինչում դրականը տեսնող Հասմիկի համար իր կարգավիճակն անգամ դառնում է ծիծաղաշարժ զրույցի հերթական առիթ:

Եթե ես չունենայի հաշմանդամություն, վստահաբար չեմ կարող ասել արդյոք ձեր առջև նստածը Այլ Հասմիկ կլիներ թե ոչ: Եվ չի բացառվում, որ հենց հաշմանդամություն ունենալու հանգամանքն է իմ ներսում զարգացրել պայքարողի ու երազողի ներկա տեսակս:

Քանի որ մեր նպատակն է մարդկանց մղել անկախության, նրանց փոխարեն ոչ մի գործողություն չենք իրականացնում: Սա հնարավորություն է տալիս ներմուծել սեփական ուժերը վերաարժևորելու և ինքնուրույն ապրելու գաղափար:

Անհրաժեշտ է չթաքցնել ու չլռեցնել խնդիրը, չպարփակվել սեփական կաղապարում՝ ի վերջո ընկնելով հոգեբանական դժվար կացության մեջ: Սա հիմնական ուղերձն է, որ անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը որդեգրել է որպես առաջնահերթություն: Հասմիկի ցանկությունն է հասնել նրան, որ իրենք հաշմանդամություն չունեցող մարդուց տարբերվեն ճիշտ այնքանով, որքանով սևահերներն են տարբեր շիկահերներից և ոչ ավելին:

Եվ միանգամից բերում է սեփական օրինակը: Ուսումնառության տարիներին երբեք չեմ ձգտել արտոնություն ունենալ կամ օգտվել իմ կարգավիճակից: Խոչընդոտները եղել են բացառապես մատչելիության տեսանկյունից, բայց միևնույն է, ես չեմ ընկճվել ու հասել եմ լիակատար անկախության, վստահեցնում է Հասմիկն ու պատմում իր ամենամեծ հաղթանակի մասին՝ միտքը համեմելով պատկերավոր համեմատությամբ:

Հասմիկին գործընկերները սիրում են, գնահատում նրա մարդկային ու մտավոր ունակությունները և ուրախությամբ ընդգծում, որ կարճ ժամանակում նա դարձել է մեծ ընտանիքի պատվավոր անդամ:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *