Մունետիկ

Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներն աշխատանքի անցան ՔԿ-ում

Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 21 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

Քննիչները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

Դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նորանշանակ քննիչներին հորդորեց առաջնորդվել սպայի հոգեբանությամբ, հատուկ շեշտելով, որ սպան ոչ թե կոչում է, այլ՝ կենսակերպ ու առաքելություն:

«Մենք ենք ապօրինությունից տուժած քաղաքացիների պաշտպանն ու խախտված իրավունքները վերականգնողը: Յուրաքանչյուր քաղաքացի, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն, ձեզ հետ աշխատելով կարծիք է կազմում պետության մասին: Հետևաբար՝ աշխատանքի առաջին իսկ օրվանից քաղաքացու հանդեպ դրսևորեք սրտացավություն և հարգանք»,- նշեց ՔԿ նախագահը՝ ընդգծելով, որ Քննչական կոմիտեում ծառայության անցած յուրաքանչյուր քննիչի գործունեություն պետք է միտված լինի օրենքին ծառայելը:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այսօրվանից ծառայության անցած քննիչները գործելու են անարգել և առաջնորդվելու են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջնակում:

«Ամենօրյա հաղթանակներ եմ ցանկանում ձեզ: Դուք գործելու եք անարգել: Որևէ խոչընդոտ չի լինելու: Առաջնորդվելու ենք միայն ու միայն օրենքով: Եթե իմ ընտանիքի անդամն օրենքով արգելված արարք կատարի, պետք է պատժվի, եթե ձեր ընտանիքի անդամը կատարի, ինքն էլ պետք է պատժվի: Օրենքի առաջ հավասար են բոլորը»,- շեշտեց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները պատրաստ են պատվով իրականացնել իրենց առաքելությունը:

Արդարադատության ակադեմիայում 2018թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով: Առաջին խմբում ընդգրկված թեկնածուներից 21-ն այսօր ստացան իրենց դիպլոմները։

Ուսումնառության դասընթացները շարունակում է և 31 թեկնածու, ովքեր ուսումնառությունը կավարտեն սույն թվականի նոյեմբերին և դրական գնահատականներ ստանալու դեպքում աշխատանքի կանցնեն ՀՀ քննչական կոմիտեում։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *