Մունետիկ

Ավագ դպրոցների տնօրեններն իրենց խնդիրներն են ներկայացրել մարզի ղեկավարին

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հանդիպում-քննարկում էր հրավիրել մարզի ավագ դպրոցների տնօրենների հետ՝ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանն առաջարկում է ավագ դպրոցներին ընդգրկել մարզպետարանի աշխատանքներում` նոր հարթություն տեղափոխելով մարզպետարան-ավագ դպրոց համագործակցությունը: Նրա խոսքերով՝ բավական ժամանակ է՝ ավագ դպրոցները ստվերում են մնացել: Շենքի ու տանիքի խնդիրներ, անբարեկարգ մարզադահլիճ: Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի խնդիրներն է թվարկում տնօրենը՝ հավելելով, որ հարց էր բարձրացվել անգամ Ֆիզկուլտուրա առարկան հանելու մասին, քանի որ տնօրենի խոսքով աշակերտները հրաժարվում են զգեստափոխվել: Այժմ դպրոցում ֆրանսերեն առարկան չի ուսուցանվում, դասագրքերն էլ գրապահոցում են: Աջակցության փոխարեն, ինչպես տնօրենն է շարունակում, մարզպետարանը խնդրել էր գրքերը նվիրել այլ դպրոցի` ֆրանսերենի դասաժամերը կազմակերպելու նպատակով: Շենքային պայմաններից, աշակերտների նվազ քանակից մինչև ցածր աշխատավարձ. նույնն էր պատկերը նաև Գուգարքի ավագ դպրոցում: Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցն ունի տանիքի և հանդիսասրահի վերանորոգման խնդիր: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանի Վ/մ ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանն էլ կրթական մասով է դիտարկում անում՝ կարծիք հայտնելով, որ ավագ դպրոցներն այդպես էլ չկայացան: Միակ դպրոցը, որ գոհ էր մարզպետարանի հետ համագործակցությունից, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցն էր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *