Տեսնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Հայկ Հարությունյանից ստացված աշխատանքից հեռացման ծանուցագիրը` այսօր առավոտյան աշխատասենյակում անակնկալի է եկել ընկերության Հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը: Նա չի պատրաստվում ստորագրել աշխատանքից ազատման դիմումը՝ մեջբերելով վերադասի ոչ հիմնավոր պատճառաբանությունները: Ըստ Էդգար Բոջուկյանի՝ մինչ այս կամավոր հեռանալու դիմում գրելու պահանջով հեռախոսազանգեր է ստացել ընկերության նախկին տնօրեն Վահե Մարտիրոսյանից: Ընկերության աշխատակիցները կազմակերպել են ստորագրահավաք: 92 աշխատակցից 78-ը դեմ է՝ տնօրենի՝ աշխատանքից ազատմանը: Ի նշան բողոքի՝ Էդգար Բոջուկյանի հետ միասին նրանք շուրջ 1 ու կես ժամ փակել էին Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղին: Դեպքի վայրում էին նաև ոստիկանները՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության գծով պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ: Ցուցարարների հետ բանակցելուց հետո՝ ճանապարհը բացվեց: 10 աշխատակիցներ տնօրեն Բոջուկյանի գլխավորությամբ պատրաստվում են մարտի 1-ին հանդիպել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Հայկ Հարությունյանի հետ: Դրական պատասխան չստանալու պարագայում՝ մայրուղին կրկին կփակեն:
0 Մեկնաբանություն