Մունետիկ

Բոլոր քարի 4 հասցեի միակ բնակելի տունը շրջապատված է խնդիրներով (տեսանյութ)

Ծիծեռնակ» ճամբար տանող այս քարքարոտ ճանապարհի ամենօրյա անցորդներն են Բոլոր քարի 4 հասցեի բնակիչները: Շատերին, գուցե, անհայտ հասցեն ճամբարին հարակից տարածքում միակ բնակեցված տունն է՝ շուրջբոլորը խնդիրներով, որ թվում է՝ վերջ չունեն, ինչպես այս ձգվող անբարեկարգ ճանապարհը, որ 1 ամիս է՝ փակուղու առջև է կանգնեցրել հատկապես Ապրեսյանների ընտանիքին: Տևական անձրևներից առվակը վարարել, ողողել էր ճանապարհը: ՎՔ կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնից եկել, ջրի հունը մաքրել են, բայց ավարտին չեն հասցրել: Ձգձգվող վերականգման աշխատանքները խափանել են հանգիստն այստեղ նախընտրողների ծրագրերը: Մեքենաները կայանել են ճանապարհից այն կողմ ու մոլորվել: Ճանապարհն անանցանելի է նաև հետիոտնի համար: Ապրեսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամը ժամանակավոր կառուցված կամրջակը վախով է անցնում, երբեմն էլ՝ չի հաղթահարում. վերջին դեպքն օրեր առաջ էր՝ փոքրիկն ընկել էր ջրափոսը, բարեբախտաբար հայրը ժամանակին օգնության էր հասել: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնից տեղեկացանք, որ տարածքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Նախագիծ-նախահաշիվ կազմել են, գնման գործընթացն էլ առաջիկա շաբաթվա մեջ են նախատեսել: Կամո Ապրեսյանն ասում է, որ տան մոտ գտնվող ընկուզենու կողքով անցնող բարձր լարման հոսանքի գիծը նույնպես շատ վտանգավոր է: Գրավոր դիմել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղին: Հարցին ժամանակավոր լուծում են տվել՝ ծառը կիսով չափ կտրելով, որն այսօր ավելի էր փթթել: Բնակչի խոսքով՝ նաև ֆինանսական վնասներ է կրում: Ամպրոպային եղանակներին հատկապես՝ բարձր լարման հետևանքով հաճախացել են կենցաղային տեխնիկայի խափանումները: Բնակչի մտահոգության հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *