Մունետիկ

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ ցավոք գործ են սարքել եւ կարում են այդ գործը` օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

«Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ, չդիմանալով ճնշումներին, ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որեւէ մեկը չկասկածի որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել եւ իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։

Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու եւ սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրեւ ճշմարտություն։ Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա որ իրեն մոլորության մեջ գցեն եւ հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կսրծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»,-գրել է Սանասարյանի պաշտպանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝ հարգելով անմեղության կանխավարկածը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *