Դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները. երեք ուժերի դիմումը վարչապետին
Հունվարի 11-ին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ:Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից:
Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:
Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։
Այսպիսով՝ կառավարությանն առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
0 Մեկնաբանություն