«DAROINK» (ԴԱՐՈՅՆՔ) քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:
Վարակված անձն ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել, -ասել է Աֆրիկյանը:
Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել՝ ապրիլի 1-ին,-հայտնել է նա:
«Արտադրամասն ամեն օր 4-5 անգամ ախտահանվում է, մաքրվում, աշխատողներն օրը մի քանի անգամ ջերմաչափվում են»,-ասել է տնօրենը՝ բացառելով, որ արտադրամասում հնարավոր է այլ դեպքեր արձանագրվեն:
«Աշխատակիցներից որևէ մեկը վարակված անձի հետ չի շփվել»,-վստահեցրել է Աֆրիկյանը:
Նա նաև փոխանցել է, որ արտադրամասն այս պահին չի աշխատում, քանի որ հանգստյան օրեր են, այնտեղ այս պահին կատարվում են ախտահանման աշխատանքներ:
Թե աշխատակիցը որտեղ է վարակվել՝ պարզ չէ,-հայտնել է նա:
Առողջապահության նախարարությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել: Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշել է, որ առանձին դեպքերը չեն մեկնաբանում:
0 Մեկնաբանություն