ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը՝ բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Լիանա Գասպարյանը։
Նա նշել է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը։
«Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի.
2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը։
Ինչով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։
0 Մեկնաբանություն