Մունետիկ

#«ԴԻՄԱԿայում ենք» մեդիագրագիտության արշավ-դասընթաց՝ Վանաձորի թիվ 1 դպրոցում

Վանաձորի թիվ 1 դպրոցի 7-րդ ա դասարանում #«ԴԻՄԱԿայում ենք» մեդիագրագիտության արշավ-դասընթաց էր, որ իրականացվում է «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում: Այն նապատկ ունի նպաստելու հանրության կողմից մեդիայի քննադատական, իրավասու և ակտիվ սպառմանը։ Դասընթացավար փորձառու լրագրող Հրայր Հակոբյանն է, ով որպես լրագրող, ապաև՝ լրատվության բաժնի ղեկավար աշխատել է «Լոռի» հեռուստաընկերությունում, հետո արդեն` Լոռու մարզպետարանում: Դիմագրավում ենք ոչ միայն COVID-19 համավարակին և հետպատերազմյան ցնցումներին, այլև ապատեղեկատվության վարակին ու հաղորդակցության ճգնաժամին: Կեղծ տեղեկությունը, մոլորեցնող նյութերը, բռնության և ատելության քարոզը ողողել են մեդիան. աշակերտներն օրինակներ են բերում, մեդիափորձագետն էլ նրանց ուղղորդում` ո՞րն է լինելու սպառողի դերն՝ այն կանխելու գործում: Աշակերտները բաժանվեցին 2 խմբի: Ավագները ներկայացրին թիմի անվանումը, նշանաբանը, թեման, պատասխանեցին հարցերին: Մինչ հանդիպումը՝ խմբակային առցանց հանդիպումներ են ունեցել, վեր հանել ոլորտի հիմնախնդիրները, հետաքրքրաշարժ հարցեր պատրաստել օրվա մեդիափորձագետի համար: Հրայր Հակոբյանը հարցերի միջոցով ամրապնդեց աշակերտների գիտելիքները, անցկացրեց խաղ-բանավեճ, օրինակներով ցույց տալով` ինչպես կարելի է խուսափել լրատվական վարակներից և ոչ ճշմարիտ ինֆորմացիայից: Կիսվեց սեփական փորձով: Իսկ լրատվամիջոցի աշխատանքը գործնականում պատկերացնելու համար առաջարկեց հյուրընկալվել «Լոռի» հեռուստաընկերությունում: Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը և Մեդիայի զարգացման հիմնադրամը (Վրաստան)՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *