Գյումրուց հետո, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում երկար սպասված գերմանական գալա համերգն է, որ ներկայացնում են Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու գերմանացի դիրիժոր Լին Կաոն: Մշակութային համագործակցության կանգառը Վանաձոր տեղափոխելու նախաձեռնությունը գերմանիայի Դաշնության Լոռու և Շիրակի մարզերի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանինն էր: Մինչ համերգը եղավ նաև մամուլի ասուլիս: Մեկուկես ժամ տևողությամբ համերգային ծրագրում տեղ էին գտել նաև Կոմիտասի գործերից: Սա գերմանացի երաժիշտների նվերն էր Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանի դիրիժորական փայտիկը՝ Լին Կաոյի ձեռքերում, գերմանացի մեծանուն կոմպոզիտորներ Յոհաննես Բրամսի, Ռոբերտ Շումանի, ինչպես նաև Կոմիտասի հայտնի գործերը՝ համերգացանկում: Համերգի հատուկ հյուրն էր տաղանդավոր թավջութակահար՝ Մանուել Լիպշտեյնը՝ Գերմանիայից: Ասում է, որ առանձնակի ջերմությամբ է լցվում Կոմիտասի գործերը կատարելիս: Բազմաթիվ հեղինակավոր բեմեր նվաճած երաժիշտը լավագույնս բնութագրեց հայ հանդիսատեսին: Մի քանի ամիս է, որ Լին Կաոն Հայաստանում է: Երբ առաջարկել են ծրագրով հանդես գալ Հայաստանում գերմանական գալա համերգին, առաջինն սկսել է հետաքրքրվել մարզերի նվագախմբերով: Ընտրությունը կանգ է առել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի վրա: Ուրախ ու տպավորված էր Վանաձորում համերգային շրջագայությամբ: Նշենք, որ գերմանական գալա համերգը նախաձեռնել էր Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:
0 Մեկնաբանություն