ԵԿՄ վարչությունը ընդլայնված նիստում որոշեց կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:
Վարչության հաջորդ նիստը տեղի կունենա ամսի 24-ին, իսկ մինչ այդ կկասեցվի ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, իսկ աշխատանքները ժամանակավոր կհամակարգեն վարչության փոխնախագահները: Կստեղծվի նաեւ նախաձեռնող խումբ արտակարգ համագումար հրավիրելու համար, որտեղ էլ կընտրվի ԵԿՄ նոր նախագահությունը:
Ազատամարտիկների Դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը նշում է. «ԵԿՄ-ն մենք տեսնում ենք առանց նախագահի՝ կոնսենսուսով: Կլինեն հրամանատարներ 15-20 հոգի՝ համագումարում կհստակեցնենք»:
Նիստին ներկա էին այն ազատամարտիկները, ովքեր ժամանակին հրաժարվել էին մասնակցել կառույցի աշխատանքներին:
«Մենք վաղուց այս շենք չէինք մտել, նեղացել էինք, բայց այսօր իրավիճակ է փոխվել, պետք է հավաքել բոլոր տղաներին: Կառույցը պետք է կորդինացվի ՊՆ-ի կողմից»,-ասում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Ռուստամ Գասպարյանն անդրադառնում է ԵԿՄ նոր ղեկավարների ընտրությանը:
«Այսօրվա գործող վարչությունը, որի մեծ մասը կազմված էր բուֆետչիկներից, նալոգ մուծողներից, դրանք պետք է մաքրվեն»,-ասաց նա:
«Մանվելը մենակ չի կերել էս ամեն ինչը, պետք է քննություն տարվի հասկանալու համար Մանվելի բանդայի մեջ ով է եղել»,-ասում է Ազատամարտիկների Դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը:
ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը հուզմունքը թաքցնել չի կարողացել, երբ իր ընկերների ուղարկած ծանրոցը տեսել է Մանվել Գրիգորյանի առանձնատնից հրապարակված ԱԱԾ կադրերում:
«Բոլոր հասցեատերերը շոկի մեջ են, ոնց կարող էր զինվորի բաժինը հայտնվել մի տեղ, որտեղ որեւէ մեկը չէր սպասում»:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումները միավորել էին նրանց, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ հանդես էին գալիս տարբեր դիրքերից:
0 Մեկնաբանություն