Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթախչյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ: Այն հագեցվել է նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով:
Այս կապակցությամբ բուժանձնակազմին և բնակիչներին շնորհավորել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
-Նախաձեռնվել է կառավարման մի նոր մոտեցում, որը, վստահ եմ, կտա լավագույն արդյունք և հետագա մեր համատեղ ծրագրերի հիմքը կդառնա: Այս կենտրոնը ՀՀ կառավարության, Առողջապահության նախարարության, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և Լոռու մարզպետի աշխատակազմի համագործակցության լավագույն օրինակն է ,-ասել է նա:
Դսեղի առողջության կենտրոնի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը, Առողջապահության նախարարությանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ Դսեղի և հարակից բնակավայրերի բուժառուներին նման հնարավորություն ընձեռելու համար:
- Առողջության առաջնային օղակի բարեփոխման պիլոտային այս ծրագիրը նաև նպատակ է ունեցել գյուղական բնակչության համար ապահովելու բարձրորակ, ծախսարդյունավետ առաջնային բուժօգնություն, բարելավելու բուժսպասարկման որակը: Վստահ եմ, այս ծրագիրը կարդարացնի մեր բոլորի սպասելիքները՝ համատեղ ծրագրերի նոր խթան հանդիսանալով և տարածում գտնելով մարզի այլ համայնքներում ևս,-ասել է մարզի ղեկավարը:
Լիանա Ղալթախչյանն իր խոսքում ընդգծել է եռակողմ համագործակցությամբ կյանքի կոչված հերթական կարևոր ծրագիրը՝ նշելով, որ մարզում իրականացվող նախաձեռնությունները շարունակական են լինելու:
-ՔՈԱՖ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում առողջապահության առաջնային օղակի բարելավմանն ուղղված ծրագրերը մեկնարկել են դեռևս քսան տարի առաջ և Դսեղի առողջության կենտրոնի կառուցումն ու այստեղի մասնագետների վերապատրաստումը, մեր լավագույն ծրագրերից մեկն է,-ասել է նա:
Ընթերցվել է նաև ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենի շնորհավորական ուղերձը:
Պաշտոնյաները շրջել են Դսեղի առողջության կենտրոնի նորակառույց շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվելիք ծառայություններին:
450 քմ մակերեսով առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։ Բուժանձնակազմում կլինեն 8 բժիշկ, 2 ատամնաբույժ, 18 բուժքույր, 1 լաբորանտ՝ մատուցելով հիվանդությունների վաղ հայտնաբերման ու ատամնաբուժական ծառայություններ։ Բացի այդ, կկազմակերպվեն մոտակա համայնքներից տարբեր մասնագետների (սրտաբաններ, ներզատաբաններ և այլ մասնագետներ) այցեր առողջության կենտրոն՝ հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշման և բուժման նպատակով։ Շուտով կենտրոնը կունենա նաև դեղատուն:
0 Մեկնաբանություն